Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքերում: Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից, պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

«Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա եւ շոկ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին եւ ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Հղիությունը պատվաստման հակացուցում չէ՝ հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր եւ պտղի առողջության համար եւ հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

Նախազգուշական միջոցառումներ են`

  • վարակիչ կամ սոմատիկ հիվանդության դեպքում անձը պատվաստվում է առողջացումից անմիջապես հետո
  • քրոնիկ հիվանդության դեպքում պատվաստումը կատարվում է ռեմիսիայի շրջանում, թույլատրվում է պատվաստումը կատարել պահպանողական թերապիայի ներքո
  • հարաճուն նյարդաբանական հիվանդությունների դեպքում (հարաճուն էնցեֆալոպաթիա, չկառավարվող էպիլեպսիա) պատվաստումն իրականացվում է կլինիկական երեւույթների կայունացման շրջանում», – ասվում է հաղորդագրության մեջ։