Փոխպատվաստված արգանդից ծնված առաջին երեխային շուտով երկրորդն ու երրորդը կհաջորդեն: Նորահայտ տեխնոլոգիայի առաջամարտիկ համարվող շվեդ բժիշկները տեղեկություն են տարածել առ այն, որ առաջիկա շաբաթներին արգանդի փոխպատվաստման ենթարկված եւս երկու կանայք երեխա լույս աշխարհ կբերեն, ինչը, մասնագետների համոզմամբ, մեթոդի լայնածավալ կիրառելիության մեկնարկը կարող է նշանավորել:

«Ինձ համար շատ կարեւոր է, որ վերջապես կարող ենք օգնել այն ընտանիքներին, որոնք տարիներ շարունակ պայքար են մղում՝ երեխա ունենալու համար: Կարելի է համարել, որ պտղաբերության հետ կապված խնդիրներ ունեցող կանանց համար բուժման եղանակի հայտնաբերման վերջին շեշտադրումն է արվել», - նշել է Գոթենբուրգի համալսարանի գինեկոլոգիայի եւ մանկաբարձության ամբիոնի պրոֆեսոր, տեխնոլոգիան հեղինակած գիտահետազոտական խմբի ղեկավար դոկտոր Մաթս Բրանսթրոմը՝ համոզմունք հայտնելով, որ այն երկրներում, որտեղ նորահայտ մեթոդը քննության է առնված, մասնավորապես՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ Չինաստանում, կարճ ժամանակ անց փոխպատվաստված արգանդից ծնված երեխաների ալիք կարող է բարձրանալ:

Մինչ այդ, դոկտոր Բրանսթրոմի ղեկավարությամբ գործող գիտնականները սկսել են, անկենդան դոնորի արգանդից վերցված ԴՆԹ-ի օգնությամբ, լաբորատոր պայմաններում օրգանի աճեցմանը միտված աշխատանքներ իրականացնել: Խոսքը դեռեւս կենդանիների շրջանում իրականացվող հետազոտությունների մասին է. մարդկանց նկատմամբ փորձարկումները թերեւս հինգ տարից անց կարող են մեկնարկել: 

Որքան էլ՝ ասվածը ֆանտաստիկա թվա, չպետք է մոռանալ, թե դեռեւս մեկ տարի առաջ փոխպատվաստված արգանդով երեխա լույս աշխարհ բերելու գաղափարը որչափ անհավանական էր թվում, հիշեցնում է FoxNews-ը:

Իսկ առաջին զույգը, որի «արտառոց» առաջնեկն ընդամենը մեկ շաբաթ առաջ է ծնվել, որոշել է «Վինսենթ», թարգմանաբար՝ «նվաճում» անունը տալ փոքրիկին՝ ի նշան այն նվաճման, որին երկար տարիների պայքարի արդյունքում են հասել:

Վինսենթի մայրը, ով դեռեւս 15 տարեկան հասակում է պարզել, որ արգանդ չունի ու երբեք չի կարող երեխա ունենալ եւ մեկն է այն ինը կանանցից, որոնք դեռեւս նախորդ տարի են արգանդի փոխպատվաստման են ենթարկվել, դեռեւս չի հավատում, որ փոքրիկ է լույս աշխարհ բերել: Հիմա էլ, որդուն հանրային ուշադրության կենտրոնից հեռու պահելու համար, չի ցանկանում, որ որեւէ մեկն իր անունն ու բնակության հասցեն իմանա:

Իսկ ամուսինը, նախ եւ առաջ, երախտագիտության խոսքեր է փնտրում այն 61-ամյա կնոջ՝ իր լավագույն ընկերներից մեկի մոր համար, ով իր արգանդն է նվիրել՝ հանուն աստվածահաճո գործի եւ հիմա էլ՝ փոքրիկի կնքամայրը դարձել:

«Այն, ինչ նա է արել մեզ համար, այնքան անձնուրաց է ու զարմանահրաշ, որ շնորհակալական ոչ մի խոսքով չեք կարող գնահատել», - նշել է Վինսենթի հայրը: 

Երեք օր շարունակ ծնողներն անդադար փոքրիկի տպավորիչ դեմքն են տնտղել ու հանգիստ բնավորությամբ հիացել: Դեռ պատկերացում չունեն՝ թե ինչպես են ողջ եղելությունը Վինսենթին տարիներ անց ներկայացնելու:

«Երեւի այսօր հրապարակվող հոդվածները ցույց կտանք եւ կպատմենք, թե ինչերի միջով ենք անցել՝ իրեն ձեռք բերելու համար: Կարծում եմ՝ դա պիտի որ ներշնչի նրան, որ բժշկի մասնագիտություն ընտրի», - ասում է երջանիկ մայրը: