«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում եթե տեսչական մարմինը հայտնաբերի խախտումներ, ապա կդիտարկվի լիցենցիան դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահության նախարարությունը երկու ուղղությամբ է աշխատում. ընդհանուր առմամբ, լիցենզավորման ոլորտում մենք գնում ենք խստացման պայմաններին։ Առաջիկայում կընդունվի կառավարության որոշման մի ամբողջ փաթեթ, որտեղ նաև այս գործունեության տեսակի համար լիցենզիոն պայմանները շատ ավելի բարձր նիշով են սահմանված լինելու»,- նշեց նախարարն ու հավելեց, որ տեսչական մարմիններն են իրականացնում վերահսկողությունը։

Նախարարն ասաց, որ այժմ էլ տեսչական մարմնի աշխատակիցներն այնտեղ որոշակի ստուգումներ են իրականացնում. «Ստուգման արդյունքում եթե հայտնաբերվեն լիցենզիոն պայմանների խախտումներ, ապա տեսչական մարմինը կդիմի մեզ և մենք կկասեցնենք կամ կդադարեցնենք լիցենզիան։ Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի պարզվի ամբողջական հանգամանքները. ինչո՞ւ է վրա հասել մահը, մահվան պատճառն ինչն է հանդիսացել և արդյո՞ք տեղի է ունեցել բժշկական սխալ և ինչպիսին և դրանից հետո հետևողությունները շատ խիստ են լինելու»։

Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինի ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Նույն կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին։