Սպիտակուցը, որը տասնամյակներ շարունակ համարվել է Ալցհայմերի հիվանդության ժամանակ ուղեղի վնասվածքի նշան, անցսպասելիորեն հայտնաբերվել է ռեկորդային քանակությամբ առողջ նորածինների շրջանում։ Այս հայտնագործությունը կասկածի տակ է դնում ամենաշատ հետազոտված նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մեկի ախտորոշման և ըմբռնման հիմքում ընկած հասկացությունները։ Դրա մասին հայտնել է The Conversation պորտալը։

Խոսքը p-tau217 սպիտակուցի մասին է։ Դրա կուտակումը համարվում է Ալցհայմերի հիվանդության բնորոշ նշան. չափահասի օրգանիզմում այն առաջացնում է այսպես կոչված նեյրոֆիբրիլյար խճճվածքներ, որոնք խաթարում են ուղեղի բջիջների գործունեությունը և հանգեցնում հիշողության ու ճանաչողական գործառույթների վատթարացմանը։ Գյոթեբորգի համալսարանի գիտնականների գլխավորած միջազգային խմբի անցկացրած հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ p-tau217-ը կարող է առհասարակ ուղեղի «թշնամի» չլինել՝ գոնե մանկության շրջանում։

Նորածինների, երիտասարդների, տարեցների և Ալցհայմերի հիվանդությամբ բուժառուների ավելի քան 400 արյան նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ p-tau217-ի ամենաբարձր մակարդակները հայտնաբերվել են վաղաժամ ծնված երեխաների շրջանում։ Որքան վաղ է ծնվում երեխան, այնքան բարձր է կոնցենտրացիան։ Լիարժեք նորածինների շրջանում ցուցանիշները ևս բարձր են, բայց արդեն անհամեմատ ցածր։ Ավելին, նորածիններից ոչ մեկը պաթոլոգիայի որևէ նշան չէր ցուցաբերել։

Տարիքի հետ սպիտակուցի պարունակությունն արագորեն նվազում է և առողջ չափահասների շրջանում մնում է նվազագույն մակարդակի վրա։ Ալցհայմերի հիվանդությամբ բուժառուների շրջանում այն կրկին աճում է, բայց նույնիսկ այդ դեպքում այն նորածինների շրջանում դիտվող մակարդակներին չի հասնում։

Դա վկայում է նրա մասին, որ p-tau217 -ը կարող է կարևոր դեր խաղալ ուղեղի ձևավորման գործում, մասնավորապես՝ ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են շարժման և զգայական մշակման համար, որոնք առաջինն են զարգանում։ Խաթարելու փոխարեն, սպիտակուցը, կարծես, օգնում է նեյրոնային ցանցեր կառուցել։

Հետազոտության արդյունքները կարող են արդեն ազդել ախտորոշման մոտեցման վրա։ Օրինակ՝ p-tau217 արյան թեստը, որը վերջերս հաստատվել է ԱՄՆ-ում, օգտագործվում է դեմենցիայի ռիսկը գնահատելու համար։ Սակայն այժմ պարզ է դառնում, որ այդ սպիտակուցի բարձր մակարդակն ինքնին հիվանդության նշան չէ. նորածինների շրջանում այն բնականոն զարգացման մի մասն է։