Վրաստանում արձանագրվել է այս տարի դենգե տենդով վարակվելու առաջին հաստատված դեպքը։ Այս մասին հայտնել է Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։
Նրա խոսքով՝ պացիենտներից մեկի ախտորոշումը հաստատվել է անցյալ շաբաթ։ Հիվանդի մասին հավելյալ տեղեկություններ, այդ թվում՝ նրա առողջական վիճակն ու վարակման հնարավոր աղբյուրը, չեն հանրայնացվում։
Դենգեն վիրուսային վարակ է, որը մարդուն է փոխանցվում վարակված մոծակների կծելու միջոցով։ Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 5-ից 7 օր, սակայն առանձին դեպքերում կարող է հասնել մինչև երկու շաբաթի։ Հիմնական ախտանշանների թվում են բարձր ջերմությունը, ուժեղ դողը, գլխացավը, ինչպես նաև մկանային ու հոդային արտահայտված ցավերը։
Անդրադառնալով այլ վտանգավոր վարակների հետ կապված իրավիճակին՝ Իվանե Չխաիձեն ընդգծել է, որ երկրում Էբոլա տենդով վարակվելու դեպքեր չեն գրանցվել։ Նրա հավաստմամբ՝ այս պահին Վրաստանի տարածքում Էբոլայի տարածման վտանգ չկա։






