Նորվեգացի գիտնականների՝ գրեթե 125 հազար երեխայի մասնակցությամբ անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ վաղ մանկության շրջանում ճարպակալումը զգալիորեն մեծացնում է դեռահասության շրջանում այդ վիճակի պահպանման հավանականությունը։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Acta Paediatrica բժշկագիտական հանդեսում։

Միևնույն ժամանակ, ճարպակալում ունեցող 13-ամյա երեխաների մեծ մասն ավելի փոքր տարիքում ունեցել է նորմալ քաշ կամ մարմնի զանգվածի միայն փոքր ավելցուկ։

Ուստի մանկական ճարպակալման դեմ պայքարելու համար անհրաժեշտ են ինչպես բարձր ռիսկի խմբի երեխաներին ուղղված անհատական օգնություն, այնպես էլ ողջ բնակչությունն ընդգրկող կանխարգելիչ միջոցառումներ։

«Եթե ցանկանում ենք բարելավել հանրային առողջությունը և նվազեցնել ճարպակալման տարածվածությունը 13-ամյա երեխաների շրջանում, պետք է միաժամանակ երկու բան անել»,- ասում է Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Ռյոնաուգ Աստրի Էդեգորդը։ Ըստ նրա՝ կարևոր է ապահովել առավել բարձր ռիսկ ունեցող երեխաների արդյունավետ բուժումը և ներդնել բնակչության լայն շերտերին հասանելի կանխարգելիչ միջոցառումներ։

Գիտնականները պարզել են, որ 4, 6 կամ 8 տարեկանում ճարպակալում ունեցած երեխաների 38–51%-ի մոտ այն պահպանվել է նաև 13 տարեկանում։ Հետազոտողները կարծում են, որ այդ երեխաներին անհրաժեշտ է հասցեական աջակցություն, որը կօգնի կանխել քաշի հետագա ավելացումը։

Սակայն ճարպակալում ունեցող դեռահասների մեծ մասը վաղ մանկության շրջանում այդ վիճակը չի ունեցել։ Եվ թեև նորմալ քաշ կամ մարմնի ավելցուկային զանգված ունեցող երեխաների մոտ ճարպակալման զարգացման հավանականությունը համեմատաբար փոքր է, հետագայում այս ախտորոշումն ունեցող դեռահասների զգալի մասը հենց այդ մեծաթիվ խմբերից է լինում։

«Եթե հաշվի առնենք միայն վաղ մանկության շրջանում մարմնի զանգվածի ինդեքսը, գրեթե անհնար է բավարար վստահությամբ կանխատեսել, թե նորմալ կամ ավելցուկային քաշ ունեցող երեխաներից ում մոտ հետագայում ճարպակալում կզարգանա»,- նշում է դոցենտ Գուդրուն Մարիա Վալեր Բյորնելվը։

Ավելցուկային քաշ, բայց ոչ ճարպակալում ունեցող երեխաների համար ռիսկը զգալիորեն ավելի ցածր է եղել։ Այն երեխաների շրջանում, որոնք 4, 6 կամ 8 տարեկանում ունեցել են մարմնի ավելցուկային զանգված, մինչև 13 տարեկանը ճարպակալում է զարգացել 8–10%-ի մոտ։ Ընդ որում, շատ երեխաների քաշը ժամանակի ընթացքում վերադարձել է նորմայի. օրինակ՝ վեց տարեկանում մարմնի ավելցուկային զանգված ունեցող երեխաների 62%-ը 13 տարեկանում նորմալ քաշ է ունեցել։

Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները կասկածի տակ են դնում ավելցուկային քաշ ունեցող բոլոր փոքր երեխաների համար լրացուցիչ անհատական միջամտությունների արդյունավետությունը։ Փոխարենը նպատակահարմար է զարգացնել լայն շրջանակ ընդգրկող կանխարգելիչ ծրագրեր։

Որպես օրինակ՝ գիտնականները նշում են երեխաներին և դեռահասներին ուղղված անառողջ սննդի գովազդի սահմանափակումները, ինչպես նաև դպրոցներում իրականացվող միջոցառումները։ Առողջ սնվելու սովորություններ կարելի է ձևավորել դասերի, ծնողների հետ հանդիպումների և սնվելու ընդհանուր կանոնների միջոցով։

Բացի դրանից, դպրոցները կարող են ֆիզիկական ակտիվության համար ավելի շատ հնարավորություններ ստեղծել և օգնել երեխաներին հաճույք ստանալ շարժումից։

Հետազոտողները վերլուծել են 124 հազար 470 երեխայի հասակի և քաշի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են Նորվեգիայի Տրոնհեյմ և Բերգեն քաղաքների բժշկական հաստատություններում և դպրոցական առողջապահական ծառայություններում 1991–2017 թվականներին։ Չափումներն իրականացվել են 2, 4, 6, 8 և 13 տարեկանում։ Աշխատանքին մասնակցել են Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի, Սուրբ Օլաֆի հիվանդանոցի, Տրոնհեյմի քաղաքապետարանի և Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի մասնագետները։