Դոնորական օրգանների պակասը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ փոխպատվաստման կարիք ունեցող հազարավոր մարդկանց համար: Այս մասին են հայտնում Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական համակարգի մասնագետները: Առաջին անգամ տաս տարվա ընթացքում դոնորական օրգանների քանակը նվազել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաեւ այն հանգամանքի հաշվին, որ բժիշկները ավելի ու ավելի շատ կյանքեր են փրկում: Բացի այդ՝ մահացողի ընտանիքի անդամները շատ հաճախ չեն ցանկանում օրգանները տրամադրել փոխպատվաստման համար:

Միայն 58 տոկոսն է համաձայնվում դրան՝ չնայած այն փաստին, որ հենց իրենք՝ մահացածները կենդանության օրոք ցանկանում էին իրենց օրգանները տրամադրել ուրիշների կյանքը փրկելու համար: Փորձագետները նաեւ կարծում են, որ օրգանների քանակը նվազում է այն պատճառով, որ դրանք դառնում են ավելի ծեր ու փոխպատվաստման համար ոչ պիտանի: Դոնորական օրգանների քառորդ մասն այսօր վերցվում է ճարպակալում ունեցողներից՝ չնայած նրան, որ տաս տարի առաջ դրանք ընդամենը 13 տոկոս էին կազմում: Օրգանների 33 տոկոսը տրամադրվում է 60-անց մարդկանց կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում այս ցուցանիշը 17 տոկոս է կազմել:

Անցյալ տարի Անգլիայի 429 քաղաքացի է մահացել՝ սպասելով փոխպատվաստմանը, դրանցից 38-ին նոր սիրտ էր անհրաժեշտ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: