Հայաստանում ՃՏՊ-ի հետեւանքով մահացության ցուցանիշը 100 հազար բնակչության պարագայում կազմում է 18.3: 2.97.566 բնակչի (2013 թվականի տվյալներով) պարագայում տարեկան ճանապարհներին մինչեւ 546 մարդ է զոհվում: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենամյա Գլոբալ զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում http://www.who.int/violence_injury_prevention/road_safety_status/2015/en/:

Զեկույցի համաձայն, ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության թվով առաջին տեղում Լիբիան է, երկրորդ տեղում՝ Թայլանդը:

Լիբիայում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 73.4 հոգին ՃՏՊ-ի զոհ է դառնում: Թայլանդում այդ ցուցանիշը 36.2 է: Թայլանդին ցանկում հետեւում են աֆրիկյան 9 երկրներ եւ Իրանը:

ԱՀԿ գնահատմամբ, Լիբիայում ճանապարհներին տարեկան զոհվում է 4.554 մարդ՝ 6 մլն բնակչության պարագայում: ԱՀԿ-ում նաեւ կարծում են, որ Թայլանդի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներն իջեցված են (տարեկան մինչեւ 14.059 զոհ), իսկ իրական թիվը կարող է կազմել մինչեւ 24.237 զոհ՝ 67 մլն բնակչության պարագայում:

Իրանում, որի բնակչությունն ավելի քան 77 մլն է, տարեկան ճանապարհային պատահարների հետեւանքով մինչեւ 24.896 մարդ է զոհվում:

Ավելի բարենպաստ ցուցանիշ են արձանագրել Միկրոնեզիան (1.9 զոհ՝ 100 հազար բնակչության պարագայում), Շվեդիան (2.8), Մեծ Բրիտանիան եւ Կիրիբատին (2.9), Շվեյցարիան (3.3), Նիդեռլանդները (3.4), Դանիան եւ Մալդիվյան կղզիները (3.5), Իսրայելն ու Սինգապուրը (3.6), Իսպանիան (3.7), Նորվեգիան (3.8):

ԱՀԿ տվյալներով, ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով աշխարհում տարեկան 1 մլն 250 հազար մարդ է զոհվում: Նրանց 22%-ը հետիոտներ են, 23%-ը՝ մոտոցիկլավարներ, 4%-ը՝ հեծանվորդներ, մնացած 51%-ը՝ տրանսպորտային միջոցների վարորդներ եւ ուղեւորներ: