Նոր տարվա օրերին հայկական կլինիկաներում հաճախ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ պատմություններ են պատահում: NEWS.am Medicine-ին հետաքրքիր պատմություն է պատմել Հրաչուհի Ղազարյանը, որը պատասխանատու է «Արաբկիր» բժշկական կենտրոնի բոքսի բաժանմունքի համար:
Նոր տարուց կարճ ժամանակ անց կլինիկա բերեցին 9-ամսական աղջկա, որը հազ եւ շնչառական վարակ ուներ: Լիովին սովորական իրավիճակ է: Նրան բուժում նշանակելով` բժիշկները նաեւ հետաքրքրվեցին, թե աղջիկն ինչ սնունդ է ստանում եւ արդյոք շարունակում են նրան կրծքով կերակրել (ինչպես պնդում են բժիշկները, կրծքով կերակրելն ամրացնում է երեխայի իմունիտետը եւ շատ օգտակար է):
Ծնողների պատասխանը, որն արտաբերվեց տարօրինակ հպարտությամբ, բժիշկներին դուր չեկավ: Պարզվեց, որ աղջկան կերակրում էին կովի կաթով, չնայած, ինչպես հայտնի է, այն խորհուրդ չի տրվում 1 տարեկանից փոքր երեխաների համար:
«Մի՞թե կանանց խորհրդատվությունում եւ պոլիկլինիկայում ձեզ չեն բացատրել, որ երեխային չի կարելի կովի կաթ տալ եւ նախընտրելի է նրան կրծքով կերակրել», - վրդովվեցին բժիշկները:
«Բայց, բժիշկ, սա սովորական կաթ չէ, սա հատուկ կաթ է: Գիտե՞ք, թե ինչքան ենք այդ հատուկ կովին փնտրել, մինչեւ գտել ենք: Մենք երեխային միայն ՀՂԻ կովի կաթով ենք կերակրում: Նույնիսկ ամանորյա տոների ընթացքում մենք ամեն ինչ արել ենք, որ մեզ ամեն օր այդ կաթից բերեն», - պատասխանեցին զարմացած ծնողները:
Թե ծնողներն ինչից էին ենթադրել, որ հղի կովի կաթը տարբերվում է ոչ հղի կովի կաթից, բժիշկներն այդպես էլ չհասկացան: Իհարկե, նրանք ծնողներին բացատրեցին, թե երեխային ինչու չի կարելի կովի կաթ տալ: Նրանք նաեւ բացատրեցին, թե ինչպես է պետք կերակրել 9-ամսական երեխային, որպեսզի նա ապահովված լինի նորմալ աճի եւ զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերով:
«Մենք առաջին անգամ էինք նման բան լսում եւ դեռ երկար գործընկերներին պատմում էինք պատահածի մասին: Իհարկե, հնարավոր է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով են ստիպված եղել անցնել ծնողները, որոնք փորձում էին Նոր տարվա տոների ընթացքում իրենց երեխայի համար հղի կովի կաթ ճարել: Բայց պետք է հիշել, որ փոքր երեխաներին կովի կաթ տալը սխալ է եւ վնասակար», - ասում է մասնագետը:






