Նախատեսված է վերարտադրողական առողջության մասին օրենքում մի քանի փոփոխություն մտցնել, որոնք կօգնեն ավելի արդյունավետ կերպով պայքարել սելեկտիվ աբորտների եւ ծնվող աղջիկների եւ տղաների միջեւ համամասնության խախտման հետ կապված խնդիրների դեմ, որոնք առաջանում են սելեկտիվ աբորտների պատճառով:  Այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` ելույթ ունենալով «Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի խորհրդակցական հանձնաժողովի նիստին: 

Նախ եւ առաջ, ինչպես նշել է փոխնախարարը, օրենքում թեկուզ եւ զուտ դեկլարատիվ դրույթ կլինի սեռի հետ կապված աբորտների արգելքի մասին: 

Արդեն նախատեսում են օրենքում նոր կետ ներառել, որի համաձայն, այն բանից հետո, երբ կինը կստորագրի աբորտին համաձայնությունը, նրան մտածելու համար   3 աշխատանքային օր կտան: Այդ ընթացքում նա կարող է փոխել աբորտ անելու որոշումը: 

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, այդ  3 օրվա ընթացքում մասնագետները պիտի փորձեն ազդել ծնողների վրա, նրանց բացատրել, որ այն փուլում, երբ գերձայնային հետազոտությամբ հնարավոր է տեսնել պտղի սեռը, դա արդեն  լիովին ձեւավորված երեխա է, որը շարժվում է, լսում, զգում: 

Ինքը` Գայանե Ավագյանը մի անգամ տեսել է, թե ինչպես են ԳՁՀ-ի կաբինետներից մեկում հղի կնոջը մոնիտորի վրա ցույց տվել պտղի պատկերը, թե նա ինչպես է շարժվում, բացատրել են, որ նա ամբողջությամբ ձեւավորված է եւ նույնիսկ լսում է: «Ես չեմ ընդհատի հղիությունը», - այն ժամանակ հայտնել էր կինը: 

«Կարծում եմ, որ դա թեկուզ մեկ, բայց փրկված երեխա էր: Եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանա այդ եղանակով գոնե մի երեխա փրկել, մենք կնվազեցնենք ոչ միայն սեռով պայմանավորված աբորտների քանակը, այլեւ աբորտների քանակն ընդհանուր առմամբ: Մեզ շատ անհրաժեշտ է, որ ծնվեն առողջ, ցանկալի երեխաներ», - ասել է մասնագետը: