Գերմանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականների խումբն էական առաջընթացի է հասել մարդու իմունոդեֆիցիտի վիրուսից (ՄԻԱՎ) պաշտպանության գործում: Ճիշտ է, առայժմ խոսքը համանման վիրուսի մասին է, որը կապիկների շրջանում է հանդիպում:
Մալքոլմ Մարտինը (Malcolm Martin) Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտից (National Institute of Allergy and Infectious Diseases) եւ նրա գործընկերները հետազոտել են պատվաստանյութի այլընտրանքային տարբերակը` պասիվ իմունիզացիան:
Պատվաստանյութը, որը պատրաստված է թուլացած կամ մեռած միկրոօրգանիզմներից, խթանում է իմունային պատասխանը, ինչի արդյունքում օրգանիզմում հիշողության հատուկ բջիջներ են արտադրվում, որոնք պաթոգենի հետ հաջորդ հանդիպման ընթացքում օգնում են արագ գործարկել իմունային համակարգի պատասխան ռեակցիան: Այդ էֆեկտը երկար ժամանակ պահպանվում է, իսկ որոշ պատվաստանյութեր ազդում են ամբողջ կյանքի ընթացքում:
Պասիվ իմունիզացիան մեկ մարդու օրգանիզմում արտադրված հակամարմիններն այլ մարդկանց փոխանցելն է: Նման պաշտպանությունն ազդում է անմիջապես ներարկումից հետո, բայց դրա ծառայության ժամկետը բավականին արագ ավարտվում է:
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ պասիվ իմունիզացիան թույլ է տալիս կապիկներին մի քանի օրով պաշտպանել ՄԻԱՎ-ի նման վիրուսից, բայց նոր աշխատանքում այդ էֆեկտը պահպանվել է գրեթե վեց ամիս:
Պասիվ իմունիզացիայի հետ կապված ավելի վաղ աշխատանքները եւս արդյունավետ չէին, որովհետեւ յուրաքանչյուր հակամարմին գործել է վիրուսի կոնկրետ մեկ շտամմի դեմ: Միայն վերջերս գիտնականները հայտնաբերել էին, որ ՄԻԱՎ-ով վարակվածների մինչեւ 30 տոկոսը չեզոքացնող հակամարմինների հատուկ տեսակ է կրում: Նոր հետազոտության մեջ Մարտինի թիմը մակակաների վրա նման հակամարմինների չորս տարատեսակ է փորձարկել:
Ինչպես հայտնում է մամուլի հաղորդագրությունը, կապիկների յուրաքանչյուր խումբը շաբաթը մեկ անգամ քիմերային վիրուսի ազդեցության է ենթարկվել, որը ՄԻԱՎ-ի հատվածներ ուներ` այնքան ժամանակ, մինչեւ հարուցիչը հայտնվում էր նրանց արյան մեջ:
Վերահսկիչ խմբի կենդանիները, որոնք պաշտպանություն չէին ստանում, վարակվում էին վիրուսով փորձարկման սկզբից հետո երկուսից վեց շաբաթով, մնացած խմբերում մակականերն առողջ էին մնում 12-ից 23 շաբաթ` կախված օգտագործված հակամարմինների տեսակից:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature պարբերականում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր