• Latest news

«Էրեբունի» բժշկական կենտրոնն աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ

28 հունիսի, 2016  21:46

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ապահովագրական ծառայությունը կամուրջ է  ապահովագրական ընկերությունների եւ բժշկական կենտրոնի միջեւ: Եթե բժշկական կենտրոն դիմողն ապահովագրված է կամ սոցփաթեթ ունի,  նախեւառաջ  նա պետք է դիմի ապահովագրական ծառայությանը` կարգավորելու իր բուժման վճարման հարցերը:  

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ծառայության ղեկավար Լուսինե Սարդարյանը տեղեկացրել  է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնն աշխատում է  ինչպես տեղական  բոլոր ապահովագրական ընկերությունների, այնպես էլ` արտասահմանյան, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական գործակալության հետ, որն իրականացնում է սոցփաթեթի շահառուների բուժօգնության ֆինանսավորումը:

Խոսելով ապահովագրական ընկերությունների կողմից բուժման ողջ գումարի վճարման  հետ կապված խնդիրների մասին, Լուսինե Սարդարյանը նշել է, որ նմանատիպ  խնդիրներ  գոյություն ունեն ամբողջ աշխարհում եւ ապահովագրական ընկերությունները  վճարում են սոսկ այն ծառայությունների համար, որոնք նշված են պայմանագրում: Այդ պատճառով, նա խորհուրդ է տալիս ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքելիս ուշադիր ծանոթանալ առաջարկվող պայմանների բոլոր կետերին եւ մանրամասն ուսումնասիրել, թե ընկերությունը ինչպիսի եւ ինչ ծավալի  ծառայությունների համար է վճարելու: Ժամանակ չկորցնելու,  քաշքշուկներից զերծ մնալու եւ լրացուցիչ գումարներ չծախսելու համար Լուսինե Սարդարյանը բժշկական ապահովագրական պոլիս ունեցողներին խորհուրդ է տալիս առողջական խնդիրներ առաջանալու դեպքում դիմել ապահովագրական ընկերություն:

Բժշկական ապահովագրական համակարգի ներդրման,  բուժօգնության որակի, բուժանձնակազմի վերաբերմունքի, ապահովագրական դաշտի սուբյեկտների փոխհարաբերությունների, համակարգում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման հիմնական ուղիների վերաբերյալ Լուսինե Սարդարյանը սոցիոլոգիական հարցում է  իրականացրել սոցիալական փաթեթի եւ կամավոր բժշկական ապահովագրական ծրագրով ապահովագրված  պացիենտների,  բուժաշխատողների եւ ապահովագրական ընկերությունների բժիշկ-փորձագետների շրջանում: Ըստ ստացված տվյալների, չնայած այն խնդիրներին, որոնք ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս բուժծառայությունների եւ ապահովագրական ընկերությունների միջեւ, հարցվածների 80% դրական է գնահատել բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանի Հանրապետությունում եւ համարել է այն բուժօգնության որակի, մատչելիության բարձրացման կարեւոր գրավական: 

Այս հետազոտությունն իրականացվել է  է դեռեւս այն ժամանակ, երբ պետական ապահովագրությունը սոցփաթեթի շրջանակում իրականացվում էր մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով եւ այդ ծրագրից բավարարվածությունը բավականին բարձր էր: Ներկայումս սոցփաթեթի շահառուների բուժօգնության ֆինանսավորումը իրականցվում է  անմիջապես ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության  կողմից եւ համակարգի արդյունավետության գնահատման նպատակով լրացուցիչ հետազոտություններ են անհարժեշտ: Ընդհանուր առմամբ, ծառայության ղեկավարի գնահատականով, սոցփաթեթի համակարգը բավականին  արդյունավետ է աշխատում:

Ապահովագրության մեծ ծավալ է իրականացվում նաեւ ԱՊՊԱ-ի պոլիսի շրջանակում:   «Էրեբունի» ԲԿ  են գալիս է վթարներից տուժածների մեծ մասը եւ նրանց բուժման վճարումը կատարվում է ԱՊՊԱ-ի պոլիսով:    

Հայաստանում ապահովագրական համակարգը առավել մասսայականություն է վայելում 2012 թվականից, երբ ներդրվեց պետական պարտադիր ապահովագրության համակարգը  (սոցփաթեթը), որը  նպաստեց կամավոր ապահովագրության զարգացմանը:  

Այսօր Հայաստանում  կամավոր եւ պարտադիր բժշկական ապահովագրության  համակարգում  ընդգրկված է մոտ 150 հազար քաղաքացի: Պարտադիր բժշկական  ապահովագրության` սոցիալական փաթեթի ծրագրի շահառուներ են  հանդիսանում քաղծառայողները, գիտության եւ մշակույթի ոլորտի աշխատակիցները:

Կամավոր բժշկական ապահովագրության համակարգում ընդգրկված են տարբեր ձեռնարկությունների եւ հաստատությունների աշխատակիցները: Ի դեպ «Էրեբունի» բժշկական կենտրոնի աշխատակիցները եւս կամավոր բժշկական ապահովագրություն ունեն:

Հայտնի է , որ բժշկական ապահովագրությունը առողջապահության կազմակերպման արդյունավետ  տարբերակներից մեկն է: Այս համակարգը ապահովագրված անձանց հնարավորություն է ընձեռում անկաշկնադ դիմել նախընտրած բժշկական հաստատություն եւ ստանալ  ապահովագրական պայմանագրի շրջանակներում նախատեսված  բուժօգնություն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել