• Latest news

Միզաքարային հիվանդությունների ժամանակ քարերը փշրելու եղանակները. պարզաբանում է ուրոլոգը

18 սեպտեմբերի, 2016  17:34

Հայտնի է, որ Հայաստանը էնդեմիկ գոտի է միզաքարային հիվանդության համար, եւ դա պայմանանավորված է ինչպես ժառանգականությամբ, այնպես էլ կլիմայով, տեղական ջրի բաղադրությամբ եւ սննդակարգով: Ըստ քարերի չափերի, քիմիական բաղադրության եւ տեղակայման’ կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ միջամտողական:  Այն մասին, թե քարերի ինչ տեսակներ են տարբերակվում եւ այսօր ինչպիսի նոր տեխնոլոգիաներ են գործածվում միզաքարային հիվանդությունը բուժելու համար, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի ղեկավար Արմեն Ավոյանը:

Բժշկի պարզաբանմամբ` մեզը գերհագեցած աղային լուծույթ է, եւ նրա մեջ կան բաղադրիչներ, որոնք կանխարգելում են քարերի առաջացմանը, եւ կան բաղադրիչներ, որոնք նպաստում են քարերի գոյացմանը: Երբ այդ բաղադրիչների հավասարակշռությունը խախտվում է վերջիններիս օգտին, մեզի աղը բյուրեղանում է, եւ ձեւավորվում են քարեր:

Ըստ քարերի քիմիական բաղադրության` տարբերակվում են  միզաթթվային (ուրատներ), օսկալատային, ֆոսֆատային, վարակային  եւ այլ տեսակներ: Ավելի հաճախ հանդիպում են միզաթթվային եւ օկսալատային քարերը: Շատ հաճախ պատահում է, որ քարերի բաղադրությունը չի լինում միատարր. պարունակում է եւ´ուրատներ, եւ´ օկսալատներ:

Եթե հետազոտությունը ցույց է տալիս, որ պացիենտի մոտ մաքուր ուրատներ են (այդ քարերն անտեսանելի են ռենտգեն հետազոտությամբ), այդ դեպքում շատ արդյունավետ է դեղորայքային կոնսերվատիվ թերապիան: Մեզի թթվայնությունը, համապատասխան պրեպարատների շնորհիվ, փոխվում է, քարերը լուծվում են եւ դուրս են գալիս մեզի հետ: Քարերի մյուս` օսկալատային եւ խառը տեսակների դեպքում, դեղորայքային բուժումը, Արմեն Ավոյանի խոսքով, նվազ արդյունավետ է: Մեթոդի ընտրությունը պայմանավորված է նաեւ քարերի չափով եւ դրանց տեղակայմամբ:

Եթե երիկամային քարի չափը 7 մմ-ից ավելի է, ապա միանշանակ ցուցվում է քարափշրում, եթե նույնիսկ քարն առանձնապես չի անհանգստացնում պացիենտին: Եթե քարը գտնվում է միզածորանում, ապա մինչեւ 4 մմ չափի դեպքում ցուցվում է դեղորայքային թերապիա: 4-8 մմ չափերի պարագայում դեղորայքային թերապիան կարող է արդյունավետ լինել 50% դեպքերում: Բայց պետք է նաեւ նկատի առնել, որ միզածորանի քարը հանգեցնում է սուր խիթերի, եւ այդ դեպքում փշրումը պացիենտին արագորեն կազատի տանջալի ցավից:

Ինչպես բացատրեց ուրոլոգը, ժամանակակից բժշկությունն առաջարկում է քարափշրման մի քանի եղանակ. կոնտակտային (պնեւմատիկ, լազերային կամ ուլտրաձայնային) կամ հեռակառավարվող (հարվածալիքային): Փշրման եղանակն ընտրվում է` հաշվի առնելով քարերի չափը, քիմիական բաղադրությունը (կարծրությունը) եւ տեղակայումը:

Պացիենտի համար ամենահարմար եղանակը հեռակառավարվող հարվածալիքային քարափշրումն է: Այն կիրառվում է քարերի ցանկացած տեղայնացման դեպքում: Պրոցեդուրան արվում է` առանց պացիենտին հոսպիտալացնելու եւ անեսթեզիայի:

Մասնավորապես, «Աստղիկ» հիվանդանոցում տեղադրված եվրոպական հայտնի ֆիրմաներից մեկի ֆլագմանային քարափշրիչ սարքը, լինելով շատ հզոր, հնարավորություն է տալիս փշրել բավականին կարծր քարերը, ինչպես նաև` մեծ քաշ ունեցող պացիենտների քարերը. սարքի սեղանը դիմանում է 225 կգ. ծանրության:

Հարվածալիքային քարափշրումը կատարվում է ռենտգենի հսկողությամբ, եթե իհարկե քարերը բաղադրությամբ այնպիսին են, որ տեսանելի են ռենտգենյան ճառագայթների համար: Հակառակ դեպքում` պրոցեդուրան կարելի է անել ՈւՁՀ-ի հսկողությամբ:

Բայց Արմեն Ավոյանի խոսքով` լինում են դեպքեր, երբ նույնիսկ այդ հզոր սարքավորումը չի կարողանում փշրել քարերը` դրանց մեծ չափերի եւ խիստ կարծրության պատճառով: Այդ ժամանակ օգնության է գալիս կոնտակտային քարափշրումը: Այն արվում է էնդոսկոպիկ եղանակով` լազերային կամ պնեւմատիկ քարափշրիչ սարքի կիրառմամբ, դարձյալ ըստ քարերի չափի եւ տեղադրության: Օրինակ, էնդոսկոպիկ եղանակով մանրացվում են միզապարկի քարերը, քանի որ որպես կանոն դրանք լինում են մեծ չափերի: Այդ պրոցեդուրան արվում է արդեն անզգայացմամբ, ցիստոսկոպը (էնդոսկոպը) մտցվում է միզուղիներով: Կիրառվում է նաեւ պերկուտանային էնդոսկոպիա, եթե քարերը տեղակայված են երիկամներում: Իսկ եթե քարերի գոյացման պատճառը ավազան–միզածորանային հատվածի նեղացումն է, ապա այդ դեպքում նախ պետք է վերացնել քարերի գոյացման պատճառը: Դրա համար արվում է լապարոսկոպիկ կամ բաց պլաստիկ վիրահատություն, որի ընթացքում հեռացվում են նաեւ քարերը:

Արմեն Ավոյանի խոսքով` երբեմն լազերային քարափշրումն է լավ աշխատում, երբեմն` պնեւմատիկ, բայց ցանկացած դեպքում մանրացման կոնտակտային եղանակը 100%-ով արդյունավետ է քարերի բոլոր տեսակների դեմ: Այդ պատճառով այսօր խիստ հազվադեպ են բաց վիրահատություններ անում` քարեր հեռացնելու համար: «Աստղիկ» ԲԿ-ում, օրինակ, դրանք կազմում են բոլոր նման դեպքերի 5%-ը եւ հիմնականում արվում են մարջանաձեւ քարերի դեպքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել