Կորրեյն Կեսին՝ (Corraine Casey) իր աղջիկ Ջորջիայով հղի ժամանակ հերոին էր օգտագործել: Նա նույնիսկ թմրանյութ էր ծխել ծննդաբերության ընթացքում եվ դրանից անմիջապես հետո: Արդյունքում աղջիկը ծնվեց հերոին-կախյալ:
Այժմ Կորրեյնն ասում է, որ իրեն չի կարող ներել այս ամենը: Ծնվելուց հետո շուտով փոքրիկ Ջորջիայի մոտ աբստինենցիա (վիճակ թմրանյութերի օգտագործումը դադարեցնելուց հետո) սկսվեց, եւ բժիշկները ստիպված էին նրան մետադոն տալ, որպեսզի աստիճանաբար նրան բուժեն թմրանյութային կախվածությունից:
«Մանկաբարձները շատ սիրալիր էին ինձ հետ, երբ ես ծնդաբերում էի, բայց ամեն ինչ փոխվեց, երբ Ջորջիան ծնվեց եւ ինձ հիվանդասենյակ տեղափոխեցին: Ես զգում էի, թե ինչպես է ողջ անձնակազմը նայում ինձ վրա: Ես սարսափելի մայր էի, որի երեխան թմրանյութերից կախյալ էր ծնվել»,- պատմել է Կորրեյնը Daily Mail-ին տված հարցազրույցում:
Մինչ բժիշկները փորձում էին բուժել նորածին աղջկան թմրանյութային կախվածությունից, նրա մայրը միայն մտածում էր այն մասին, թե հերթական չափաբաժինն ինչպես ստանա, որ բժիշկները չնկատեն: Սակայն մի շաբաթ անց նա հասկացավ, որ իրեն նույնպես օգնություն է անհրաժեշտ:
Մոտակա շաբաթների ընթացքում մորը եւ աղջկան բուժում էին թմրանյութային կախվածությունից: Երբ նրանց հիվանդանոցից դուրս էին գրում, երկուսն էլ «ամբողջությամբ մաքուր» էին:
Շատ տարիներ առաջ Կորրեյնին թմրանյութ օգտագործել էր սովորեցրել իր ընկերը: Սկզբից նա մտածում էր, որ թմրանյութերը ընդհանրապես վտանգավոր չեն նրա առողջության համար եւ կախվածություն չեն առաջացնում. նա շատ ուշ հասկացավ, որ իսկական թմրամոլ է դարձել: Կինը ծախսում էր վերջին փողերը թմրանյութերի վրա, եւ նույնիսկ հերթական դեղաչափի համար հեռուստացույցը վաճառեց: «Երեխաները տխրեցին, որ այլեւս չեն կարողանա մուլտֆիլմեր նայել, բայց բացի թմրանյութերից, ինձ ոչինչ չէր հետաքրքրում»,- հիշում է այժմ Կորրեյնը:
Ջորջիան Կորրեյնի երրորդ աղջիկն է: Ինչպես պարզվում է, նրան հաջողվել է ժամանակավորապես թողնել թմրանյութերը, երբ հղի է եղել երկու ավագ երեխաներով: Երրորդ հղիության ժամանակ նա արդեն չկարողացավ թողնել հերոինը նույնիսկ մի քանի ամսով: Վախենալով, որ բժիշկներն ու մանկաբարձները կիմանան իր կախվածության մասին, նա բաց էր թողնում խորհրդատվությունները եւ խոստովանեց ամեն ինչ միայն ծննդաբերության ժամանակ:
Այժմ Ջորջիան 11 տարեկան է: Բժիշկներն ասում են, որ թմրանյութային կախվածությունը, որով նա ծնվել է, միայն հրաշքով չի ազդել նրա առողջության վրա:
Իսկ ինչ վերաբերում է Կորրեյնին, Ջորջիայի ծնվելուց եւ թմրանյութերը թողնելուց մեկ տարի հետո, նա հանդիպեց իր ներկայիս ամուսնուն: Այժմ նա 7 երեխա ունի և պնդում է, որ Ջորջիայի ծնվելուց հետո ոչ մի անգամ թմրանյութերին մոտ չի գնացել եւ վարում է առողջ ապրելակերպ: Եվ ավելին, աղջկա հանդեպ մեղքի զգացումը եւ ամոթն իր անցյալի նկատմամբ ստիպել են նրան դառնալ կամավորական եւ սկսել օգնել ուրիշ թմրամոլներին կործանարար կախվածությունից ազատվելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր