• Latest news

Ստերոիդների կարճաժամկետ ընդունումը կարող է մեծացնել թրոմբների, կոտրվածքների եւ սեպսիսի առաջացման հավանականությունը

21 ապրիլի, 2017  17:21

Կորտիկոստերոիդներ են հաճախ նշանակում մեջքի ցավերի, բրոնխիտի նման հիվանդությունների բուժման համար: Ստերոիդների կարճաժամկետ ընդունումից հետո մեծ թվով բորբոքային հիվանդությունների ախտանշանները բարելավվում են, սակայն պարզվում է՝ նման դեղերի ընդունումը ընդհանրապես առողջության համար կարող է վտանգավոր լինել, նախազգուշացնում են University of Michigan-ի գիտնականները:

British Medical Journal-ում (BMJ) հրապարակված հետազոտության համաձայն, որի ընթացքում գիտնականները վերլուծել են 1,5 մլն ամերիկացիների տվյալները, յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին կորտիկոստերոիդներ է ընդունել: Ըստ որում՝ պարզվել է, որ նրանցից մեծ մասի մոտ ստերոիդային դեղամիջոցների կարճաժամկետ ընդունումը կապված է եղել մի շարք կողմնակի էֆեկտների հետ:

Կյանքին սպառնացող սեպսիսով հոսպիտալացվել է ստերոիդներ ընդունած կամավորների 0,05 տոկոսը, եւ նրանցից 0,02 տոկոսը, ովքեր ստերոիդներ չեն օգտագործել: Ստերոիդային դեղամիջոցներ ընդունած մասնակիցների մոտ նաեւ ավելի հաճախ են թրոմբներ առաջացել՝ նրանց համեմատությամբ, ովքեր ստերոիդներ չեն ընդունել (0,14 տոկոս ընդդեմ 0,09 տոկոսի): Դրանից բացի, պարզվել է, որ ստերոիդներ ընդունած մարդկանց շրջանում բարձր է եղել կոտրվածքներ ստանալու հավանականությունը (0,51 տոկոս ընդդեմ 0,39 տոկոսի): Այսպիսով, կարճ ժամանակահատվածում ստերոիդային դեղամիջոցներ ընդունած մարդիկ առնվազն 2 անգամ ավելի հաճախ են բախվել վերեւում թվարկված հիվանդություններին, քան նրանք, ովքեր այս դեղամիջոցները չեն ընդունել:

«Սովորաբար մասնագետներն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են ստերոիդների օգտագործման երկարաժամկետ հետեւանքների վրա, իսկ այս դեղամիջոցների կարճաժամկետ ընդունման պոտենցիալ վտանգների մասին ոչ մեկը չի մտածում: Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ կարճաժամկետ ընդունումը կապված է ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում 3 լուրջ խնդրի առաջացման մեծ հավանականության հետ: Մենք պետք է հասկանանք, որ ստերոիդները իրական վտանգներ են պարունակում, եւ հնարավոր է, որ մենք այն ավելի հաճախ ենք օգտագործում, քան անհրաժեշտ է»,- նշել է հետազոտության հեղինակ բժիշկ Աքբար Վալջին:

Մեկ այլ հետազոտության տվյալների համաձայն, որն իրականացրել է Քվինսլենդի համալսարանը, ստերոիդային դեղամիջոցները կապ ունեն ճարպակալման համաճարակի հետ, որն ընդգրկել է ամբողջ աշխարհը: Բանն այն է, որ այս դեղամիջոցները դանդաղեցնում են շագանակագույն ճարպում կալորիաների այրման գործընթացը: Ճարպային նստվածքների այս տեսակը պատասխանատու է ջերմության արտադրման եւ սովորական (սպիտակ) ճարպի մշակման համար, որն էներգիան է պաշարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել