• Latest news

Բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ աշխարհի ամենամահաբեր վիրուսի՝ Էբոլայի մասին

11 օգոստոսի, 2014  23:46

«Էբոլա» անունը սարսափելի երեւակայական պատկերներ է ծնում՝ ցավից գալարվող եւ բոլոր հնարավոր անցքերից արյունահասող աֆրիկացիներ, որոնց հաշված օրերի ընթացքում վախճան է սպասվում: Այս երեւակայական սցենարը թերեւս այնքան էլ հեռու չէ իրականությունից, բայց եւ այնպես, հարկավոր է նշել, որ վիրուսի՝ հեռավոր երկրներ տարածման հավանականությունը նվազագույն է գնահատվում, հաղորդում է Medical Daily-ն:

Ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի երկրներում բռնկված համաճարակը վիրուսի ամենամահաբեր դրսեւորումն է հանդիսանում: Ընթացիկ տարվա փետրվար ամսից ի վեր հեմոռագիկ տենդն ավելի քան 900 մարդու կյանք է խլել: Այդուհանդերձ, վարակվածների շուրջ երրորդ մասին, շնորհիվ տարատեսակ փորձարարական բուժամիջոցների, հաջողվել է փրկվել մաhացու վիրուսի ճիրաններից: Նրանց թվում են երկու ամերիկացիներ՝ դոկտոր Քենթ Բրենթլին եւ բուժքույր Նենսի Րայթբոլը, որոնք ներկայումս Ատլանտայի բուժհաստատություններից մեկում են գտնվում եւ դանդաղ ապաքինման նշաններ են ցույց տալիս:

Էբոլան մասնավորապես իր արագագործությամբ է սարսափեցնում: ԱՄՆ բնակիչների թվում քիչ չեն նրանք, որոնց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ երկու վարակված համերկրացիներին երկիր վերադարձնելու մասին որոշումը մեծ դժգոհություն է պատճառել: Սակայն նախքան վիրուսի՝ հեռավոր երկրներ տարածման շուրջ մտահոգվելը հարկավոր է հասկանալ, թե ինչպես է այն մարդու օրգանիզմ ներթափանցում եւ մի շարք այլ կարեւոր տեղեկությունների տիրապետել: Եվ այսպես.

Վիրուսի ծագումնաբանությունը

Թեւ գիտնականները միանշանական վստահ չեն, թե որտեղից է Էբոլան սկիզբ առել, բայց եւ երկու կարծիք չի կարող լինել այն մասին, որ խոսքը Աֆրիկայի արեւադարձային անտառների մասին է, եւ որ չղջիկները կարող են, առանց որեւէ ախտանշան դրսեւորելու, հիվանդության վարակը կրել: Աֆրիկյան երկրներում որսորդները հաճախ են վայրի կենդանիների մսով սնվում: Եվ եթե ուտեսն անվտանգ եղանակով չի պատրաստվում, ապա կենդանուց վիրուսի՝ մարդու օրգանիզմ ներթափանցումը, իսկ այունհետեւ էլ, հատկապես գյուղական բնակավայրերում, տարածումը ընդամենը ժամանակի հարց է դառնում:

Վիրուսով վարակման առաջին դեպքը 1976թ.-ին է արձանագրվել, երբ երկու կենտրոնական աֆրիկյան պետություններում՝ Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն) եւ Սուդանում. հիվանդության համաճարակ էր բռնկվել: Վարակման առաջին դեպքերը Էբոլա գետի մերձափնյա բնակչության մոտ են ախտորոշվել, որտեղից էլ հիվանդության անվանումն է սերում: Ընդ որում, վիրուսի մի քանի շտամմներ գոյություն ունեն, որոնցից ամենամահաբերը Զաիրի էբոլավիրուսն է՝ հենց այն, ինչ ներկայումս Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրների բնակչության կյանքը սպառնալիքի տակ է պահում: Վիրուսի ազդեցությամբ հրահրված հիվանդությունը «Էբոլա հեմոռագիկ տենդ» անվանումն է ստացել եւ վարակված բնակչության 50-90 տոկոսին գերեզման հասցնելու ներուժ է դրսեւորում:

Մարդուց մարդ տարածման համար մարմնի հեղուկ զանգվածների՝ արյան, փսխուքի կամ սեռական արտադրության հետ անմիջական շփում է հարկավոր: Հիվանդ մարդու մոտ կանգնելու հետեւանքով վարակման դեպք դեռեւս չի արձանագրվել: Գոյություն ունեն բազմաթիվ այլ վարակիչ հիվանդություններ, մասնավորապես՝ սուր ծանր շնչառական համախտանիշը, որոնք ավելի հեշտ՝ օդակաթիլային ճանապարհով են տարածվում:

Վարակման մասին

Վարակված մարդու մոտ հիվանդության ախտանշանները 2-21 օրերի ընթացքում կարող են ի հայտ գալ: Նախնական փուլում խոսքը գլխացավի, ախորժակի կորստի, տենդի եւ կոկորդի ցավի մասին է: Էբոլա վիրուսը մարդու իմունային համակարգի ուղղությամբ հարձակում գործելու եւ T-լիմֆոցիտային բջիջները (որոնք նաեւ ՄԻԱՎ-ի դեպքում են հարվածն իրենց վրա վերցնում) ոչնչացնելու ծրագրավորում ունի: Ընդ որում, հիշյալ՝ իմունային արձագանքի առկայություն ապահովող բջիջներին կենդանությունից զրկելու հարցում Էբոլան, ՄԻԱՎ-ի հետ համեմատությամբ, անհամեմատ ավելի արդյունավետ է գործում: Կարճ ժամանակ անց հիվանդը մարմնի բոլոր հատվածներում ցավ է զգում: Այս՝ շրջապատող մարդկանց համար  խիստ ավարակիչ փուլում նաեւ փսխումն ու փորլուծությունն են ի հայտ գալիս: Հաջորդող շաբաթը շրջադարձային է՝ այն տեսանկյունից, թե արդոք վիրուսը կարող է «ցիկոտինի փոթորիկ» անունը ստացած ամենավատ ու վերջին փուլի առաջացումը հրահրել եւ հիվանդի համար մահվան ելք «ապահովել»: 

«Ցիկոտինի փոթորիկը»

Սա ամենասարսափելի պահն է, երբ հիվանդի առողջական վիճակի կտրուկ վատթարացում է նկատվում: Խոսքը մի իրավիճակի մասին է, երբ իմունային համակարգը սկսում է բոլոր օրգանների վրա հարձակվել, արյունատար անոթներ պայթեցնել եւ այդ կերպ ներքին ու արտաքին արյունահոսություն հրահրել՝ արյունն անգամ աչքերից է հոսում: «Սա ինֆեկցիոն առումով գագաթնային կետն է համարվում, երբ վիրուսը պատրաստ է հաջորդ զոհին գտնել», - նշել է Լանքասթերի համալսարանի դասախոսական անձնակազմի անդամ Դերեք Գեդերերը:

Բուժում

Էբոլայի դեմ հստակ մշակված բուժամիջոց չի գործում, եւ, մինչ գիտնականները փորձում են արդյունավետ պատվաստանյութ մշակել, Աֆրիկայի աղքատ, գյուղական բնակավայրերը պարզագույն խնամքի հույսին են մնացել: Խոսքը, մասնավորապես, պերօրալ ռեհիդրացիայի մասին է, երբ ծանր փորլուծության արդյունքում ջրազրկված օրգանիզմը հեղուկներով եւ էլեկտրոլիտներով սնուցելու փորձ է արվում:  Օժանդակ խնամքի եղանակներից է նաեւ պրոկոագուլյանտների կիրառումը՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, թթվածնի մակարդակի եւ ցավի վերահսկումը, ինչպես նաեւ երկրորդական վարակների դեմ դեղամիջոցների նշանակումը:

Թեեւ հիվանդության դեմ պատվաստանյութի հայտնաբերման նպատակով ներկայումս ընթացքի մեջ գտնվող գիտահետազոտական աշխատանքները դեռեւս նախնական փուլերում են գտնվում, բժիշկները որոշ դեպքում փորձարարական դեղամիջոցների օգնությանն են դիմել՝ այս կամ այն հիվանդի կյանքը փրկելու նպատակով: Ասվածը, մասնավորապես, վերը հիշատակված երկու ամերիկացիներին է վերաբերում, որոնց համար ԱՄՆ-ից ZMapp անունը կրող սրվակներ էին խիստ գաղտնի պայմաններում ուղարկվել: Դոկտոր Բրենթլին դեղամիջոցի առաջին չափաբաժինը վարակումից ինը օր անց էր ստացել: Ներարկմանը հաջորդող մեկ ժամը վճռորոշ դրական ազդեցություն ունեցավ նրա առողջության վրա: Իսկ Նենսի Րայթբոլի պարագայում ապաքինման նշաններն այդչափ ակնհայտ չէին:

Դրական արդյունքներ ցույց տված եւս մեկ բուժամիջոց գոյություն ունի. խոսքը արյան փոխներարկմանն ու հակամարմիններին է վերաբերում: Էբոլա վիրուսի ճիրաններից փրկված հիվանդի՝ հակամարմիններով լի արյունը վարակված մարդուն փոխներարկելով՝ հնարավոր է վարակի դեմ արդյունավետ պայքարի խթանել: Համենայն դեպս, այս եղանակով 1995թ.-ին Կոնգոյի դեմոկրատական հանրապետության տարածքում բռնկված համաճարակի ճիրաններից հնարավոր է եղել 8 հիվանդներից 7-ին փրկել: Նախքան ԱՄՆ-ից ստացված շիճուկի օգնությանը դիմելը դոկտոր Բրենթլին արյան փոխներարկում էր ստացել մի 14-ամյա տղայից, ում կյանքը հենց ինքը՝ բժիշկն էր փրկել: Այդուհանդերձ, ԱՄՆ երկու քաղաքացիները շարունակում են ամերիկյան բուժհաստատության մեկուսարանում մնալ եւ պարբերաբար մանրազննին հետազոտության են ենթարկվում:

Ապաքինում

Էբոլայից փրկված հիվանդները դեռեւս որոշ ժամանակ կարող են վարակման վտանգ ներկայացնել, ուստի եւ մեկուսացման կարիք են զգում: Խոսքը, մասնավորապես, վիրուսի՝ սեռական ճանապարհով փոխանցման սպառնալիքի մասին է, ինչը ապաքինման առաջին նշանների երեւան գալուց հետո՝ դեռեւս 40 օրերի ընթացքում կարող է արդիական լինել: Մեկուսացման ենթարկված հիվանդի հագուստը, կենցաղային եւ անձնական իրերը այրման ենթակա են: Այդուհանդերձ, աֆրիկացիներից շատերը լիարժեք ապաքինվելուց հետո էլ չեն կարողանում կյանքի բնականոն հունը վերականգնել. շատերը կորցնում են նախկին աշխատանքը եւ «վարակվածի» խարանը կրում: Նրանցից ոմանք առողջապահության համաշխարհային կազմակերպության քարոզչական արշավներին են կամավոր անդամագրվում՝ հիվանդության մասին տեղեկություններ տարածելու եւ խարանից ազատվելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել