• Latest news

Սուրոգատ մայրություն եւ նախագծված երեխաներ. բացատրում է գինեկոլոգը

30 օգոստոսի, 2014  20:25

Սուրոգատ մայրությունը, օրենսդրական ընկալմամբ, կնոջ կողմից կենսաբանորեն (գենետիկորեն) «օտար» երեխայով հղիություն է ենթադրում: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւն է զրուցել. 

Սուրոգատ մոր ծառայություններից հետեւյալ դեպքերում են օգտվում.

• արգանդի բացակայություն (ի ծնե կամ ձեռքբերովի),

• արգանդի խոռոչի կամ վզիկի ի ծնե կամ տարատեսակ հիվանդությունների արդյունքում ի հայտ եկած արատ՝ դեֆորմացիայի տեսքով,

• արգանդի խոռոչի անբուժելի սինեխիա,

• սոմատիկ հիվանդություններ, որոնց առկայությամբ հղիությունը հակացուցված է,

• արտամարմնային բեղմնավորման բազմակի անհաջող փորձեր, որոնց պարագայում ստացված բարձրորակ սաղմերի ներպատվաստումը հղիության չի հանգեցրել:

Հայաստանում սուրոգատ մորից ծնված առաջին երեխաները (երկվորյակ աղջիկներ) մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում են ծնվել՝ 2006թ.-ին: Հիշատակված դեպքը սուրոգատ մոր կողմից կոմերցիոն բնույթ չէր կրում, ինչն այնքան էլ հազվադեպ չի պատահում:

Վերջին տարիներին անպտղության խնդրի նկատմամբ ուշադրության հարաճուն աճ է նկատվում: Եւ այդուհանդերձ, չնայած բժշկագիտության հսկայական ձեռքբերումներին, անպտղությամբ տառապող ամուսնական զույգերի թվաքանակի փոփոխություն չի արձանագրվում: «Սուրոգատ մորից ծնված, բայց եւ կենսաբանական ծնողների ժառանգականությունը կրող երեխան կարծես թե ստեղծված իրադրությունը հաղթահարելու միակ եղանակն է հանդիսանում: Մեր կողմից իրականացվող սուրոգատ մայրության ծրագիրը ցանկալի նպատակին հասնելու միանգամայն իրական հույս է ներշնչում», - նշել է բժիշկը:

Երեք ծնողներից ծնված երեխա

Մարդու մասին գենետիկ տեղեկությունները, մեծ ի մասամբ, բջջի միջուկում են պահպանվում, որտեղ կարելի է նաեւ բջիջներին էներգիայով ապահովող միտոխոնդրիաներ գտնել: Սույն մեթոդը միտոխոնդրիայի արատ ունեցող կանանց արտամարմնային բեղմնավորման օգնությամբ առողջ երեխաներ ունենալու հնարավորություն է ընձեռում: Նման դեպքերում միտոխոնդրիայի արատ ունեցող կնոջ բեղմնավորված ձվաբջջի կորիզը առողջ կնոջ ձվաբջջի մեջ է տեղակայվում: Այսինքն՝ տվյալ տեխնոլոգիայի էությունն այն է, որ արտամարմնային բեղմնավորման ընթացքում ձվաբջջի մեջ առկա «փչացած» միտոխոնդրիան առողջով է փոխարինվում, որի դեպքում էլ երեխան կարող է իր հիմնական ծնողների ժառանգականության 99,8 տոկոսը վայելել:

Կլոնավորում

Ձվաբջիջը եւ սպերմատոզոիդը հավասարապես 23-ական քրոմոսոմներ ունեն: Ծնողներին պատկանող բջիջների միավորման արդյունքում դրանց անհրաժեշտ քանակն է ստեղծվում՝ 23 զույգ, ինչը երեխայի կյանքի առաջացման սկիզբն է դնում: Կլոնավորման նպատակով գործարկվող ձվաբջջի ողջ՝ քրոմոսոմների 50 տոկոսի պաշարը կրող կորիզն ամբողջությամբ հեռացվում է, եւ փոխարենը՝ մարդու՝ քրոմոսոմների ողջ հավաքածուն կրող ցանկացած բջիջ տեղակայվում: Այնուհետեւ ստացված ձվաբջիջը կիսվում է՝ տվյալ մարդու ամբողջական կրկնօրինակը ստանալու նպատակով: Կլոնավորումն ինքնին ցանկալի երեւույթ չէ, քանի որ մարդու ամբողջական կրկնություն է ենթադրում: Ծնողները զարգացման մակարդակով իրենց երեխաներին զիջելու միտում ունեն՝ վերջիններս այդ առումով մի աստիճան բարձր են կանգնած: Մինչ բնությունը, մարդուն կատարելագործելով, առաջ է ընթանում, այս տեխնոլոգիայի ջատագովները փորձում են, հին կորիզ օգտագործելով, կանգառ նախաձեռնել: Նշված մեթոդը չի կարող մարդկության առաջընթացին նպաստել, այդ իսկ պատճառով էլ ամենուրեք արգելված է: Միակ առավելությունը օրգանների եւ հյուսվածքների՝ թերապեւտիկ նպատակներով կլոնավորումը կարող է լինել:

Նախագծված երեխաներ

Այս եզրույթը դեռեւս չի ենթադրում, թե նախքան երեխայի բեղմնավորումը բժիշկը պետք է հարցնի. «Իսկ ի՞նչ գույնի մազեր եւ աչքեր եք ցանկանում, որ երեխան ունենա»: Բժշկական էթիկան թույլ չի տալիս նման գործունեություն ծավալել: Այն սովորաբար բժշկության ցածր մակարդակով աչքի ընկնող երկրներում է խախտվում: Իսկ ահա նախագծված երեխաներն առավելապես զարգացած երկրներին են հատուկ: Բժիշկները տարեց տարի ժառանգական, այդ թվում նաեւ՝ լուրջ ու մահացու հիվանդությունների փոխանցման համար պատասխանատու նորանոր գեներ են հայտնաբերում: Բժշկական տեսանկյունից նախագծման այս եղանակը առողջ երեխայի լույս աշխարհ գալուն խոչընդոտող գեների հեռացմամբ է բնութագրվում: Տվյալ տեսանկյունից հիշյալ գործընթացը առաջընթաց է արձանագրում թե բժշկության, եւ թե մարդկության համար, իսկ ահա աչքերի եւ մազերի գույնի ընտրությունը՝ ոչ: Երբ ծնողները գեղեցիկ երեխա ունենալու ցանկություն են բարձրաձայնում, ակամայից կարելի է Ալբերտ Էյնշտեյնի եւ Հոլիվուդի աշխարհահռչակ աստղերից մեկի միջեւ՝ բարձրաստիճան ընդունելության ժամանակ տեղի ունեցած երկխոսությունը հիշել: «Եթե համատեղ երեխա ունենայինք, նա իմ գեղեցկությունը ու Ձեր մտավոր կարողությունները կժառանգեր: Հրաշալի բան կստացվեր, չէ՞», - նկատել էր դերասանուհին: «Իսկ եթե ինձ նման գեղեցիկ եւ Ձեզ նման խելացի՞ ծնվեր», - հեգնել էր գիտնականը:

Անի Լիպարիտյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել