Բիկինիի գոտին սափրող կանայք կարող են մի շարք խնդիրների բախվել. խոսքը, մասնավորապես, ինֆեկցիային, այրվածքներին, ուժեղ քորին, ցանին եւ կտրվածքներին է վերաբերում: Եզրահանգման հեղինակները ամերիկացի գիտնականներն են, որոնց նախաձեռնությամբ՝ ընթացիկ տարվա ապրիլից մայիս ամիսներին ԱՄՆ Տեխաս նահանգում գործող պետական բժշկական հաստատությունների բազայի հիման վրա իրականացված հետազոտության արդյունքները American Journal of Obstetrics & Gynecology ամսագրում են հրապարակվել: Ուսումնասիրությանը մասնակցած կանայք, մասնավորապես, հարցախույզ են անցել՝ բիկինիի գոտու էպիլյացիայի հետ կապված փորձի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, վերլուծության համար 16-40 տարեկան 333 մասնակիցներից ստացված տվյալներ են օգտագործվել:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանանց 87 տոկոսը բիկինիի գոտում առկա մազերի մասնակի կամ ամբողջական հեռացում են նախաձեռնում՝ մեծ ի մասամբ ածելիի կամ մեղրամոմի օգնությամբ: Ընդ որում, մասնակիցների գրեթե երկու երրորդը (60 տոկոս) սովորության արդյունքում ի հայտ եկած առնվազն մեկ բարդություն է ունեցել՝ մաշկի անտեսանելի կտրվածքներ, ներաճած մազեր, կապտուկներ կամ ալերգիա: Հավելյալ քաշ ունեցող կանանց պարագայում բարդությունների առաջացման հաճախականությունը երկու անգամ բարձր է գնահատվել: Եվ միայն հարցվածների 4 տոկոսին է հաջողվել բիկինիի գոտու էպիլյացիայի արդյունքում ի հայտ եկող բարդություններից խուսափել:
Հետաքրքրական է այն, որ սեւամորթ եւ իսպանալեզու կանանց մոտ հիշյալ խնդիրներն առավել հազվադեպ են ի հայտ գալիս: Ընդհանուր առմամբ, չնայած բարդություններին, հարցախույզի ենթարկված կանանց ընդամենը 44 տոկոսն է կողմնակի ազդեցությունների (գլխավորապես՝ կծող կամ ներաճած մազեր, ուռուցքներ, ցան եւն) հետեւանքով բիկինիի գոտու մազերի հեռացումից հրաժարվել: Որոշման համար մի քանի այլ պատճառներ եւս նշվել են. մասնավորապես, վնասակար սովորությունից հրաժարվածների 25 տոկոսը պրոցեդուրայի դժվարությունից է բողոքել, գրեթե 12 տոկոսը՝ սեռական ակտիվության կորստից: Իսկ ահա 2,5 տոկոսի պարագայում բիկինիի հատվածի մազերը չհեռացնելու պատճառը զուգընկերոջ խնդրանքն է եղել: Daily Mail-ի հաղորդմամբ, հղիությունը պատճառ բերած կանանց բաժինը 14 տոկոս է կազմել:
Նախընթաց հետազոտություններից մեկով ապացուցվել է, որ բիկինիի գոտու մազերի՝ մեղրամոմի օգնությամբ հեռացումը կարող է սեռավարակ ձեռք բերելու ռիսկի ավելացման հանգեցնել: Բացի այդ, հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ մեղրամոմի անհատական կոմպլեկտները հաճախ կարող են մաշկի ծանր՝ փոխպատվաստում պահանջող այրվածք առաջացնել:
Այդուհանդերձ, առավել նախընթաց մի շարք հետազոտություններով էլ վկայություններ են բացահայտվել առ այն, որ բիկինիի գոտու մեղրամոմային էպիլյացիան նաեւ առավելություններ ունի: Մասնավորապես, ավստրալացի գիտնականներն ապացուցել են, որ այն ոջիլների դեմ պայքարի արդյունավետ միջոց է հանդիսանում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր