Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) հետաքննում է Novo Nordisk-ի հակադիաբետիկ դեղամիջոց «Օզեմպիկի» ու քաշը կորցնելու համար նախատեսված «Սաքսենդայի» և ինքնասպանության մասին մտքերի տեսքով կողմնակի ազդեցությունների միջև կապը, հայտնում է Reuters-ը։
Իսլանդիայի դեղերի գործակալությունը «Օզեմպիկ» և «Սաքսենդա» ընդունելուց հետո երկու դեպք է գրանցել։ Կարգավորողը նաև նշել է, որ մեկ այլ հիվանդ, ով «Սաքսենդա» է ընդունել, հայտնել է ինքնավնասման մտքերի մասին:
Novo Nordisk-ը հայտարարել է, որ հիվանդների անվտանգությունն ընկերության առաջնահերթությունն է և շատ լուրջ է վերաբերվում անցանկալի դրսևորումների մասին բոլոր հաղորդագրություններին: Արտադրողի հայտարարության մեջ ասվում է, որ սեփական անվտանգության մոնիտորինգը դեռևս չի գտել «պատճառահետևանքային կապ» ինքնավնասման մասին մտքերի և դեղամիջոցների օգտագործման միջև:
Ինքնասպանության մասին մտքերը ԵՄ ուղեցույցներում նշված չեն որպես դեղամիջոցներից որևէ մեկի կողմնակի ազդեցություն: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում «Վեգովի»-ի ցուցումները խորհուրդ են տալիս վերահսկել հիվանդներին՝ ինքնասպանության մտքերի կամ վարքագծի համար: «Վեգովի»-ն ինչպես «Օզեմպիկ»-ը, պարունակում է սեմագլուտիդ:
Համաձայն ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) Անբարենպաստ իրադարձությունների ահազանգման համակարգի (FAERS)` 2018 թվականից ի վեր եղել է առնվազն 60 հաղորդում ինքնասպանության մտքերի մասին սեմագլուտիդ ընդունող հիվանդների և առողջապահության ոլորտի մասնագետների կողմից: 2010 թվականից ի վեր FAERS-ը ստացել է առնվազն 70 նման զեկույց` առողջապահության ոլորտի մասնագետներից և «Սաքսենդա» պարունակող լիրագլուտիդ ստացող հիվանդներից:
Սակայն FDA-ը նշում է, որ այս զեկույցներում ներկայացված տեղեկատվությունը հետագայում չի ստուգվել, և դեղերի և ինքնասպանության մասին մտքերի միջև որևէ պատճառահետևանքային կապ չի հաստատվել:
Կարգավորողի խոսքով՝ «Վեգովի»-ի փորձարկումներն ինքասպանական վարքագծի ռիսկի բարձրացում ցույց չեն տվել: Դեղամիջոցի ցուցումները պարունակում են նախազգուշացում ինքնասպանությանը մղող վարքագծի և մտքերի մասին՝ քաշի վերահսկման համար այլ դեղամիջոցների հետ կապված ռիսկերի հետ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր