• Latest news

«Խելացի լազեր». Ինչո՞ւ է այն անհրաժեշտ եւ ինչպե՞ս է այն փոխում ուրոլոգիան

9 մայիսի, 2024  08:35

«Խելացի լազերը» համարյա հեղափոխություն է կատարել ուրոլոգիայի ոլորտում. նրա շնորհիվ երիկամների քարերի փշրումը կարելի է իրականացնել ավելի մեծ արդյունավետությամբ եւ ավելի անվտանգ՝ չվնասելով հարակից հյուսվածքները եւ լորձաթաղանթը։ Ապագայում այդ լազերը  կարելի կլինի օգտագործել  նաեւ այլ ոլորտներում, ներառյալ գինեկոլոգիան եւ օնկոլոգիան։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է ուրոլոգ, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս եւ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմայիս Կամալովը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ վիրահատող ուրոլոգին խելացի լազերը

Երիկամներից քարահեռացման վիրահատության ժամանակ խելացի լազերը կարող է հենց տեղում որոշել քարի բաղադրությունը էնդոսկոպի տեսադաշտում՝ դրանով իսկ ոչ միայն օգնելով վիրաբույժին ընտրել քարը փշրելու հարմար ռեժիմ, այլեւ ազատել քարի սպեկտրալ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից՝ հետագա կանխարգելիչ թերապիա նշանակելու համար։

Բացի այդ, խելացի լազերը կարող է պարզել հեղուկի ջերմաստիճանը։ Լազերային էներգիայի ազդեցությունը սովորաբար հանգեցնում է հեղուկների տաքացման, ինչը կարող է անցանկալի ջերմաստիճանային ռեակցիաների պատճառ դառնալ, որոնք կործանարար են լորձաթաղանթի համար։ «Տեսնելով», որ ջերմաստիճանը բարձրացել է թույլատրելիից ավելի, խելացի լազերը կարող է անմիջապես անջատվել՝ օգնելով խնայել օրգանի լորձաթաղանթը։

Ինչպես նշել է մասնագետը, ներկառուցված ԱԲ-ի օգնությամբ լազերը նաեւ կարող է քարը տարբերել լորձաթաղանթից։ Այսպիսով, եթե այն հայտնվի լորձաթաղանթի վրա վիրահատության ժամանակ, չի վնասի այն. վայրկյանի ընթացքում լազերը կանջատվի։ Իսկ երբ վիրաբույժը նորից լազերը տանի պինդ մակերեսի վրայով (այս դեպքում՝ քարի մակերեսի, որը պետք է փշրել), լազերը նորից կմիանա։

Այսպիսով, լազերը զգալիորեն հեշտացնում եւ բարձրացնում է երիկամների եւ միզուղիների քարերի փշրման արդյունավետությունը։ Երկրորդ դեպքում նրա դերն ավելի դժվար է գերագնահատել, չէ՞ որ նեղ տարածքներում աշխատելն ավելի դժվար է, եւ բարձր է հարակից հյուսվածքները վնասելու ռիսկը։

Կապը հիմնարար եւ կիրառական գիտությունների միջեւ

«Խելացի լազերը» ստեղծվել է ՄՊՀ «Ֆոտոնային եւ քվանտային տեխնոլոգիաներ. թվային բժշկություն» գիտակրթական դպրոցում, որի համաղեկավարն է դոկտոր Կամալովը, «ИРЭ Полюс» ընկերության արդյունաբերական գործընկերոջ հետ պայմանագրով։ Վերոնշյալ դպրոցը միավորում է ՄՊՀ երեք ստորաբաժանումների գիտնականներին՝ Բժշկական գիտակրթական կենտրոնի եւ ֆիզիկայի ու հիմնարար բժշկության ֆակուլտետների։

Դպրոցի աշխատանքը դոկտոր Կամալովը համարում է հիմնարար եւ կիրառական գիտությունների միջեւ արդյունավետ կապի լավ օրինակ. այդ կապի շնորհիվ տեսական հետազոտությունների հիման վրա ստեղծվում է արդյունք, որը կարելի է օգտագործել գործնականում եւ որը կարող է մեծ օգուտ բերել՝ հեշտացնելով բժիշկների աշխատանքն ու բարելավելով բուժման կանխատեսումները պացիենտների համար։

«Ցանկացած հիմնարար գիտություն պետք է կապված լինի կիրառականի հետ, կատարյալ տարբերակում դա պետք է արդյունք տա՝ լինի դեղ, սարք, նոր մեթոդիկա, նոր մարկերներ ախտորոշման համար, թե այլ բան,- նշել է գիտնականը։- Մենք ինքներս խնդիրներ ենք դնում ֆիզիկայի առաջ։ Մենք չենք ուսումնասիրում այն, թե ինչով են զբաղվում ֆիզիկոսները, որպեսզի փորձենք ինչ-որ կերպ ինտեգրվել։ Մենք ասում ենք, թե ինչ է մեզ պետք, եւ նրանց առջեւ խնդիրներ ենք դնում։ Խելացի լազերի պարագայում մենք պատմել ենք, թե ինչ ներվիրահատական խնդիրների ենք հանդիպում, եւ դա թույլ է տվել ստեղծել այս խելացի լազերը»։

Հայացք ապագային

Լազերն արդեն թեստավորել են մի քանի տասնյակ պացիենտների վրա, եւ ստացվել են դրական արդյունքներ։ Հիմա մասնագետները նախատեսում են կլինիկական փորձարկումներ անցկացնել եւ ստանալ իրենց մշակած համակարգի հավաստագրում։

Լազերի հեղինակները ձեռք բերվածով, իհարկե, չեն բավարարվում. նրանք շարունակում են հետազոտությունները եւ այժմ սովորեցնում են «լազերին» տարբերակել ուռուցքային հյուսվածքները առողջներից, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել նաեւ որոշ ուռուցքաբանական վիրահատություններում։ Եվ նկատելի առաջընթաց այս հարցում արդեն կա։

«Վիրահատության ժամանակ մենք տեսնում ենք ուռուցքը, բայց սովորաբար չենք տեսնում նրա ճշգրիտ եզրերը։ Այդ միջամտության արմատականությունից է կախված պացիենտի հետագա ճակատագիրը եւ արդյոք նա ռեցիդիվ կունենա»,- նշել է մասնագետը։

Հենց այդ պատճառով ուռուցքներն այդքան կարեւոր է ամբողջովին հեռացնել՝ ոչ մի չարորակ հյուսվածք եւ բջիջ չթողնելով, բայց եւ չհեռացնելով առողջ շատ հյուսվածքներ, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Եվ ապագայում խելացի լազերը կարող է օգնել վիրաբույժներին ավելի լավ տարբերել առողջ հյուսվածքներն ուռուցքային հյուսվածքներից՝ զգալիորեն բարձրացնելով վիրաբուժական բուժման արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել