• Latest news

«Իզմիրլյան» ԲԿ–ն Հայաստանում առաջինն է միջազգային ստանդարտներին համապատասխանության վկայագրի հավակնում

1 նոյեմբերի, 2014  18:13

«Իզմիրլյան» կլինիկան գիտաբժշկական եւ կրթական կենտրոն է՝ վիրաբուժության հիմնական ուղղվածությամբ եւ 136 մահճակալների ծավալմամբ:


Այն հետեւյալ բաժանմունքներն ու ծառայութուններն ունի.

• Կոլոպրոկտոլոգիայի կելինիկա

• Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք

• Օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունք

• Ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության կլինիկա

• Ուրոլոգիայի կլինիկա

• Օտոլարինգոլոգիայի բաժանմունք (ԼՕՌ) /Պլաստիկ եւ ծնոտադիմային վիրաբուժություն

• Էնդոսկոպիկ եւ վերականգնողական գինեկոլոգիայի ծառայություն

• Անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

• Խորհրդատվական-ախտորոշիչ բաժանմունք

• Լաբորատորիա

Այն մասին, թե ինչպիսի նորույթներ եւ առանձնահատկություններ կարող են հիվանդանոցի ծառայություններից յուրաքանչյուրն առաջարկել եւ թե որ ուղղությամբ է գիտահետազոտական կենտրոնի զարգացումն ընթանալու, բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ զրույցի ընթացքում է պարզ դարձել:

Վերջինիս խոսքով, «Իզմիրլյան» ԲԿ-ն այսօր ախտորոշման բավականին զարգացած ծառայություն ունի. կլինիկայի տարածքում մանրէաբանական, կլինիկական եւ պատոմորֆոլոգիական լաբորատորիաներ, ինչպես նաեւ ռադիացիոն ախտորոշման բաժանմունք է գործում: Առաջիկայի համար էլ համակարգչային տոմոգրաֆիայի եւ միջուկային մագնիսական ռեզոնանսի ապարատներ ձեռք բերելու պլաններ կան: «Գալիք տարվանից  մեզ մոտ եւ համակարգչային տոմոգրաֆիա, եւ ՄՄՌ է գործելու,  բոլոր բաղադրիչներով զինված ժամանակակից ռենտգեն-կաբինետ էլ կունենանք: Բացի այդ, նաեւ ուլտրաձայնային հետազոտության ծառայությունը կբարենորոգվի՝ հիվանդանոցը երկու ժամանակակից՝ բարձր լուծման ապարատներ է ձեռք բերելու», - նշել է Արմեն Չարչյանը:

Տնօրենի գնահատմամբ, «Իզմիրլյան» ԲԿ-ն երկրում ամենաառաջատար էնդոսկոպիկ եւ լավագույն կոլոնոսկոպիկ հետազոտությունն է իրականացնում: Կլինիկան հզոր օրթոպեդիկ թիմ ունի եւ կարող է ուրոլոգիայի ու պրոկտոլոգիայի ոլորտը ներկայացնող լավագույն մասնագետներով պարծենալ: Արմեն Չարչյանն առանձնակի այն հանգամանքն է ընդգծել, որ բուժհաստատության առանձին ծառայություններում հենց թիմեր են աշխատում, որոնց ղեկավարների բացակայության պարագայում միշտ էլ կարելի է նրանց լիովին փոխարինելու ընդունակ երկրորդ մասնագետների գտնել: 

Բուժկենտրոնում մեկ տարվա ընթացքում միջինը շուրջ 5 հազար վիրահատություններ են իրականացվում, իսկ խորհրդատվություն ստացած հիվանդների թիվը կարող է 18-20 հազարի հասնել: «Դա չափազանց ինտենսիվ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Իզմիրլյանը» համեմատաբար փոքր տարածք է զբաղեցնում: Օրվա կտրվածքով 20 վիրահատություն է ստացվում: Դա բավականաչափ լուրջ է», - նշել է տնօրենը եւ կենտրոնի կողմից առաջարկվող ժամանակակից ու ինքնատիպ վիրահատությունների եւ մանիպուլյացիաների շարքը ներկայացրել:

Մասնավորապես, օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքում խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում եւ պլաստիկ վերականգնողական վիրահատություններ են իրականացվում: Բացի այդ էլ, կոնքազդրային եւ սրունքաթաթային հոդի էնդոսկոպիկ վիրահատությունները եւս Հայաստանում միայն «Իզմիրլյան» կենտրոնը կարող է առաջարկել: «Մենք ամսական շուրջ 60 օրթոպեդիկ՝ ծանրագույն եւ բարդագույն վիրահատություններ ենք նախաձեռնում», - նկատել է հաստատության տնօրենը, ով անձամբ է հիշյալ ծանրագույն եւ բարդագույն վիրահատություններն իրականացնում: 

 

Բուժհաստատության ուրոլոգիայի եւ գինեկոլոգիայի բաժանմունքները կարող են լազերային լիտոտրիպսիա եւ վերականգնողական պլաստիկա առաջարկել:

Պրոկտոլոգիան կոլոռեկտալ քաղցկեղը վիրահատելու հնարավորություն է ընձեռում:

Իսկ օտոլարինգոլոգիայի բաժանմունքում էլ հնարավոր է կոկորդի քաղցկեղի եւ մաղոսկրային պոլիպների հեռացմանը միտված ինքնատիպ վիրաբուժական լուծումներ գտնել:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը փոքր ինվազիվություն ենթադրող սրտաբանության եւ նեյրովիրաբուժության հնարավորություններ դեռեւս չունի. թեեւ ոչ այնքան առաջիկա պլաններում դրանց առկայությունը եւս ենթադրվում է: «Դա իմ երազանքն է, որի իրականացումը տեսանելի ապագայի համար (առաջիկա 6-8 ամսիներին) այնքան էլ իրատեսական չեմ համարում. հետագայում էլ հնարավորություններից կախված կլինի», - նշել է Արմեն Չարչյանը:

Բուժհաստատության ղեկավարի խոսքով, «Իզմիրլյանն» այսօր Հայաստանում լավագույն հագեցվածություն ունեցող կլինիկաներից մեկն է հանդիսանում: Կենտրոնի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հայ Առաքելական Եկեղեցուն է պատկանում. վերջինս «ջանք չի խնայում՝ բուժհաստատութունն առաջնակարգ սարքավորումներով ապահովելու հարցում»: Ներկայումս առկա սարքավորումների մի մասը որպես նվիրատվություն է տրամադրվել, մյուսներն էլ դիվիդենտների հաշվին են ձեռք բերվել: Մյուս տարի ձեռք բերվելիք սարքավորումներն էլ (համակարգչային տոմոգրաֆիա, ՄՄՌ, ուլտրաձայնային հետազոտություն) նոր որակական մակարդակ կհաղորդեն կենտրոնին, որի ղեկավարությունը մտադիր է միջազգային ստանդարտներին համապատասխանության վկայագրի (GCP – Պատշաճ կլինիկական պրակտիկա) Հայաստանում առաջին հավակնորդը դառնալ: 

Բժշկական կենտրոնը միաժամանակ նաեւ գիտական աշխատանքով է զբաղվում: «Մեր գործունեության հիմնական ուղղությունը բնակչությանը բարձրորակ բժշկական օգնությամբ ապահովմանն է միտված, սակայն կլինիկական գործունեության նման ծավալներով աշխատանքի պարագայում միշտ էլ կարող են նոր, առավել ռացիոնալ եւ հեռանկարային գաղափարներ ծնվել: Մենք ցանկանում ենք այդ գործունեությանը առավել խորը զարգացում հաղորդել՝ բժիշկներին ուղղված իմ պահանջն այն է, որ նաեւ գիտությամբ զբաղվեն, քանի որ ցանկացած կիրառական գիտություն պրակտիկայից է ծնվում», - նշել է Արմեն Չարչյանը՝ հավելելով, որ էնդոպրոթեզավորման ոլորտում իր հեղինակումը ստացած բոլոր բացահայտումները կլինիկական պրակտիկայի շնորհիվ են իրականություն դարձել:  

Բժշկական կենտրոնը նաեւ գիտաժողովների կազմակերպմանը վերաբերող հարցերում է բարձր ակտիվություն դրսեւորում: Մասնավորապես, բոլորովին վերջերս այստեղ, Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, ուրոլոգների միջազգային տարեկան համագումարն էր կազմակերպվել:

 

Տնօրենը համոզված է, որ գրագետ, քրտնաջան եւ հետեւողական աշխատանքի դեպքում «Իզմիրլյան» Գիտա–բժշկական կենտրոնը կունենա զարգացման նոր հեռանկարներ։ 

Լուսանկարները Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել