Վիրաբուժական միջամտությունը, անկախ իրականացման ժամկետից, կարող է բարդություններով ավարտվել, սակայն, փորձագետների վստահեցմամբ, հատկապես տոնական օրերին լուրջ եւ նույնիսկ մահացու վտանգավոր խնդիրներ ձեռք բերելու հավանականության նշանակալի աճ է նկատվում, հաղորդում է NewsMax Health-ը:
Վերը նկարագրված տեսանկյունից ամենավտանգավոր ժամկետը նույնիսկ ոչ թե Ամանորի, այլ՝ հաջորդող օրերն են, հունվարի առաջին երկու շաբաթները:
«Վիրահատության իրականացման ամսաթիվը եւս անչափ մեծ կարեւորություն ունի: Այնպես որ հարկավոր է նախ եւ առաջ հիվանդանոց ընդունվելու ժամանակը ճիշտ ընտրել», - նշել է հիվանդանոցային որակի ապահովման ազգային փորձագետ Եւգենի Լիտվակը:
Ամանորին վիրաբույժները, ինչպես եւ բոլոր մարդիկ, սիրում են հանգստյան օրեր վերցնել: Այնպես որ, եթե Ձեր վիրահատությունը տոնական օրերին է նշանակված, ի վերջո կարող եք բոլորովին այլ մասնագետի մոտ «ընկնել»:
«Բոլորն էլ ցանկանում են այնպիսի վիրաբույժի մոտ վիրահատվել, ով բոլորից հաճախ ու լավ է գործում, սակայն հենց այդպիսի վիրաբույժն առաջին հերթին արձակուրդ կվերցնի՝ տոնական օրերին», - մեկնաբանել է դոկտոր Լիտվակը, որ Հարվարդի հանրային առողջության դպրոցին կից գործող առողջապահության օպտիմալացման ինստիտուտի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենն է հանդիսանում:
Բացի այդ էլ, տոնական օրերին նաեւ սխալներ գործելու հավանականության աճ է նկատվում՝ անձնակազմի սղության եւ հիվանդների հոսքի ավելացման պատճառով:
«Բուժքույրերն ու բժիշկներն ավելի մեծ սթրեսի են ենթարկվում եւ առավել հաճախ են սխալների հակված», - համոզմունք է հայտնել փորձագետը:
Դոկտոր Լիտվակի խոսքով, վիրաբույժներն իրականացված վիրահատությունների քանակով են վճարվում: Այնպես որ արձակուրդից նոր վերադարձած մասնագետին հունվարի առաջին երկու շաբաթների ընթացքում բավականին մեծ ծանրաբեռնվածություն է սպասվում, ինչը «Պանդորային արկղ» կարող է բացել՝ պրոբլեմների համար:
«Հենց դրա համար էլ խորհուրդ եմ տալիս՝ Ամանորից անմիջապես հետո վիրահատություն մի գնացեք», - նշել է նա:
Իհարկե, միշտ չէ, որ հնարավոր է վիրահատության ժամկետը հիվանդի ընտրությանը թողնել, հատկապես երբ խոսքը շտապ կամ անհետաձգելի դեպքերի մասին է: Սակայն մնացած դեպքերում դոկտոր Լիտվակը խորհուրդ է տալիս հետեւյալ կանոններին հետեւել.
• Վիրահատությունը նախքան Ամանորի մեկնարկը մի պլանավորեք, քանի որ այդ օրերին վիրաբույժները արձակուրդի են հակված: Նաեւ հունվարի առաջին երկու շաբաթներից՝ հիվանդանոցների համար ամենաեռուն ժամանակահատվածից խուսափեք:
• Լավագույն ընտրությունը շաբաթվա առաջին օրերը՝ երկուշաբթին եւ երեքշաբթին են: Հինգշաբթիից ու ուբաթից եւս խուսափեք:
• Վաղ առավոտյան իրականացված պրոցեդուրաները լավագույն արդյունքներով են աչքի ընկնում:
• Նշանակված ժամի համար գործող բուժքույր-հիվանդ հարաբերակցության մասին տեղեկացեք: Վիրահատական բաժանմունքում յուրաքանչյուր չորս հիվանդին մեկ բուժքույր պետք է բաժին հասնի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր