Էլիսսե Մատան մինչեւ հիմա հիշում է այն օրը, երբ բժիշկներն ասեցին իրեն, որ հղի է սիամական երկվորյակներով: Դա 2014 թվականի հունվարի 13-ն էր: Ընթանում էր հղիության 19-րդ շաբաթը: 12 շաբաթ անց՝ ապրիլի 11-ին, Էլիսսեն լույս աշխարհ բերեց ընդհանուր կրծքավանդակով եւ որովայնով աղջիկներին: Փոքրիկները՝ Կնատալին ու Ադելինան, ապրեցին այդպես 10 ամիս: Եվ ահա վերջերս բժիշկներին հաջողվել է բաժանել նրան 26 ժամ տեւած վիրահատության ընթացքում:
Բժիշկների համար այս վիրահատությունը շատ լուրջ փորձություն էր, քանի որ նրանք պետք է բաժանեին աղջիկների կրծքավանդակը, թոքերը, պերիկարդը, դիաֆրագման, լյարդը, աղեստամոքսային համակարգը, կոնքագոտին:
«Այս վիրահատությունը իր բարդություններն ուներ, քանի որ աղջիկները մի քանի կարեւոր օրգան էին կիսում: Մեր թիմը պատրաստվում էր այս վիրահատությանը մի քանի ժամ շարունակ, ռադիոլոգ մեր գործընկերների հետ համատեղ ստեղծեցինք փոքրիկների օրգանների եռաչափ պատկերը եւ նախապես վիրահատությունն անցկացրեցինք այդ պատկերների վրա». – պատմում է մանկական վիրաբույժ Դարրել Կասսը:
Վիրահատությանը մասնակցել են մանկական վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, սիրտ-անոթային վիրաբույժներ, ինչպես նաեւ լյարդի փոխպատվաստման մասնագետներ, օրթոպեդներ եւ մանկական գինեկոլոգներ: Բժիշկներին 18 ժամ էր պետք եկել երեխաներին բաժանելու համար: Կնատալիի հետ բժիշկներն աշխատեցին 23, իսկ Ադելինայի հետ՝ մի ամբողջ 26 ժամ:
Այժմ փոքրիկները հիվանդանոցում են եւ պարզ չէ, երբ նրանց կհաջողվի դուրս գրվել: Բժիշկները նշում են, որ բացառված չէ հավելյալ վիրահատությունների անհրաժեշտությունը:
Իսկ աղջիկների ծնողները շատ ուրախ են, որ նրանց բախտ է վիճակվել այս խնդրով հայտնվել հենց Թեքսասում, որտեղ զարգացած բժշկության շնորհիվ աղջիկներին կարողացել են օգնել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր