• Latest news

Նպատակն է՝ նվազեցնել սիրտ-անոթային խնդիրների պատճառով մահացությունը 65–ից ցածր մարդկանց շրջանում. սրտաբան

16 ապրիլի, 2015  18:42

Շատ դեպքերում մահացության բարձր մակարդակի պատճառ են դառնում սիրտ-անոթային հիվանդությունները: Մահն ամեն դեպքում անխուսափելի է, սակայն հնարավոր է մարդուն ավելի երկարակյաց դարձնել: Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի խոսքով՝ կարեւոր է անել այնպես, որպեսզի 65 տարեկանից ցածր մարդկանց շրջանում նվազի սիրտ-անոթային հիվանդություններով պայմանավորված մահացության մակարդակը:

«Խոսելով սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով արձանագրած մահացության ցուցանիշի նվազեցման մասին՝ մենք նկատի ունենք, որ մահացության մակարդակը պետք է նվազեցնել 65 տարեկանից ցածր մարդկանց շրջանում», - նշեց Պարունակ Զելվեյանը:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր երկրում արձանագրվող մահվան բոլոր դեպքերի 50 տոկոսի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են: Հատկանշական է, սակայն, որ այս հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները մեր երկրում չեն տարբերվում այլ երկրներում առկա ռիսկի գործոններից: Ինչպես նշեց սրտաբանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում, զարկերակային բարձր ճնշմամբ տառապում է չափահաս հայերի 29 տոկոսը (28-ը՝ Երեւանում, 23-ը մարզերում): ԱՄՆ-ում այդ ցուցանիշը նույնն է՝ 29 տոկոս, Գերմանիայում՝ 40 տոկոս, իսկ ՌԴ-ում, օրինակ, մոտ 50 տոկոս:

Այլ հարց է, որ զարգացած երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ առողջ լինելը կենսակերպ է, բարձր զարկերակային ճնշումը կարգավորվում է եւ հատուցվում: ԱՄՆ-ում, օրինակ, հիպերտոնիայով տառապող մարդկանց կեսը արդյունավետ բուժում է ստանում, իսկ Հայաստանում բուժվում է ընդամենը 10 տոկոսը, մնացածները, հավանաբար, տեղյակ էլ չեն իրենց այդ խնդրի մասին:

Պարունակ Զելվեյանի խոսքով՝ շատ կարեւոր է իրազեկել մարդկանց այն մասին, որ անհրաժեշտ է հետեւել սիրտ-անոթային համակարգի առողջությանը եւ հնարավորինս նվազեցնել ռիսկերը, իսկ գոյություն ունեցող խնդիրները՝ վերահսկել: Սա մահացության մակարդակը նվազեցնելու միակ ճանապարհն է:

«Հոյակապ է, եթե դա կարելի է անել առողջ ապրելակերպի միջոցով: Իսկ եթե ոչ՝ պետք է դեղորայք օգտագործել, այլ ոչ թե սպասել մինչեւ մի գեղեցիկ օր սրտի նոպա տեղի ունենա եւ նոր միայն անցնել բուժման», - նշեց մասնագետը՝ հավելելով, որ Հայաստանում սրտաբանությունը բավականին զարգացած է, սակայն հիմնական խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է: Մարդիկ թույլ են տալիս, որ հիվանդությունը ձեւավորվի եւ զարգանա, եւ այնուհետեւ նոր սկսում բուժել այն, իսկ դա շատ ավելի դժվար է, քան հիվանդությունը կանխարգելելը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել