Գրիպի եւ սուր շնչառական վարակների տարածման վերաբերյալ տեղեկությունների ֆոնին Երեւանի բնակիչներն ակտիվորեն բժշկական դիմակներ եւ հակավիրուսային քսուքներ են գնում: Ինչպես մայրաքաղաքային մի քանի դեղատներում հայտնել են NEWS.am Medicine-ի թղթակցին, իրենց մոտ վերջացել են առկա դիմակները, օքսոլինային եւ այլ հակավիրուսային քսուքները, եւ իրենք նոր խմբաքանակների են սպասում:
Մի քանի այցելու նաեւ պատմել է, որ այդ պարզ կանխարգելիչ միջոցների փնտրտուքում արդեն մի շարք դեղատներ են մտել, ինչ-որ մեկը կարողացել է վերջին դիմակները գնել, ոմանք էլ դատարկաձեռն են մնացել:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրիպի եւ ՍՇՎ-ի սրացում է դիտարկվում, աճում է հիվանդանոց տեղափոխվածների թիվը, բայց Առողջապահության նախարարությունը չի ընդունում ոչ միայն երկրում համաճարակի, այլեւ գրիպի եւ ՍՇՎ-ի բռնկման առկայությունը: Մինչդեռ խոզի գրիպից մահացության դեպքեր են գրանցվում, դրանց թիվը հասել է 11-ի:
Ինչ վերաբերում է հակավիրուսային Տամիֆլյու դեղամիջոցին, Հայաստանի դեղատներում դրանից չկար հունվարի առաջին օրերից սկսած: Առողջապահության նախարարությունը պնդում է, որ հիվանդանոցներն ապահովված են այդ դեղամիջոցով, այն ձեռք է բերվել պետգնումներով: Առողջապահության նախարարությունը նաեւ պնդում է, որ Տամիֆլյուն ստացիոնար բուժման դեղամիջոց է, ոչ թե գրիպի կանխարգելման, չնայած դեղամիջոցի հրահանգներում ասված է, թե այն կարելի է օգտագործել նաեւ պրոֆիլակտիկ նպատակներով: Տամիֆլյու ընդունելն անհրաժեշտ է սկսել հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց առավելագույնը 48 ժամ անց, բայց Հայաստանի բնակիչները հիվանդանալու դեպքում հիվանդանոց շատ ավելի ուշ են դիմում:
NEWS.am Medicine-ի խմբագրությունն իր կողմից երկրի բնակիչներին կոչ է անում խստորեն պահպանել բոլոր կանխարգելիչ եւ հիգիենիկ միջոցները չվարակվելու համար: Ի դեպ ասած, բժշկական դիմակները եւ օքսոլինային քսուքը բազմամարդ վայրերի համար ճիշտ ընտրություն են: Սննդակարգում անպայման անհրաժեշտ է նաեւ սխտոր ներառել: Պետք է հետեւել նաեւ ձեռքերի մաքրությանը:
Իսկ հիվանդներին կոչ ենք անում տնից դուրս չգալ եւ անպայման խորհրդակցել բժշկի հետ, իսկ ամենափոքր սրացման դեպքում անհապաղ դիմել ստացիոնար բուժման:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր