Շատ մարդկանց թվում է, թե առողջ կենսակերպ վարելը բարդ է եւ շատ թանկ: Իրականում դա բոլորովին այդպես չէ, հավատացնում է գինեկոլոգ Նելլի Ավագյանը. ամեն մարդ իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում կարող է առողջ կենսակերպ վարել, ճիշտ սնվել եւ ակտիվ լինել օրվա ընթացքում:
Հայաստանում շատ մարդիկ բավականին համեստ եկամուտ ունեն, սակայն դա բոլորովին չի նշանակում, թե ԱԱԿ-ն նրանց գրպանով չէ, պնդում է մասնագետը:
Մենք հաճախ կարող ենք նկատել, թե խանութներում ինչ պահանջարկ ունեն նրբերշիկը, երշիկը, տարբեր կիսաֆաբրիկատները. ամենից շատ հաճախորդ հնարավոր է տեսնել այդ բաժինների մոտ: Սակայն բանջարեղենն ու թարմ միսը (հավի եւ նույնիսկ տավարի) անհամեմատ ավելի էժան արժեն, քան այդ բոլոր կիսաֆաբրիկատները եւ վերամշակված միսը, իսկ բանջարեղենից եւ մսից հնարավոր է բազմաթիվ օգտակար, սննդարար ուտեստներ պատրաստել:
Շատ մարդիկ պնդում են, որ իրենց փողը չի հերիքում որակյալ սննդամթերք գնելու, սակայն այդ մարդիկ հաճախ ծխում են եւ դրա վրա ամսական առնվազն տասնյակ հազարավոր դրամներ են ծախսում: Ծխելուց հրաժարվելը ոչ միայն թույլ կտա գումար խնայել եւ դա ծախսել օգտակար սննդամթերքի վրա, այլեւ կկանխարգելի ծխելու հետ կապված մի շարք հիվանդությունների զարգացումը:
Որոշ մարդիկ հանրային տրանսպորտ կամ տաքսիներ են օգտագործում, նույնիսկ եթե անհրաժեշտ է ընդամենը մի քանի կանգառ գնալ: Այդ մի քանի կանգառը, մասնագետների կարծիքով, անհամեմատ ավելի ճիշտ կլիներ ոտքով անցնել. Դա եւ օգտակար է առողջության համար (ֆիզիկական ինչ-որ ծանրաբեռնվածություն է), եւ մի քիչ գումար կխնայի:
Ճիշտ մոտեցման դեպքում առողջ կենսակերպը բոլորովին էլ բարդ ու թանկ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Ընտանեկան բժիշկ Զառա Սահրադյանն իր հերթին նշել է, որ առողջ կենսակերպն օգնում է կանխարգելել մի շարք հիվանդություններ: Եվ դա անհամեմատ ավելի էժան է ու հեշտ, քան հետո դրանք բուժելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր