Բժշկության ապագան բուժմանը բազմադիսցիպլինար մոտեցումն է. մասնագետ

14:36   30 սեպտեմբերի, 2016

Անցյալում մեկ հիվանդի բուժմամբ մեկ բժիշկ էր զբաղվում, սակայն ժամանակակից բժշկությունն արդեն նոր մոտեցումներ է պահանջում. մասնավորապես, ցանկալի է, որ մեկ հիվանդի հետ տարբեր պրոֆիլների բժիշկների խումբ աշխատի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը:  

Ժամանակակից բժշկության եւ ապագայի բժշկության նպատակն է ոչ միայն բուժել հիվանդությունը, այլեւ բուժել հենց մարդուն, նրան առողջ դարձնել, նշել է մասնագետը: Եվ քանի որ շատ մարդիկ, որպես կանոն, ոչ թե մեկ հիվանդություն են ունենում, այլ մի քանի հիվանդության համադրություն, անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, եթե նրանց հետ բժիշկների խումբ աշխատի: 

«Բժշկության ապագան եւ ապագայի բժշկությունը մեկ հիվանդի բուժմանը բազմադիսցիպլինար մոտեցումն է», - հայտնել է Գեւորգ Գրիգորյանը: 

Նշենք, որ շատ հայտնի միջազգային մասնագետներ եւս բուժմանը բազմադիսցիպլինար մոտեցման կողմնակից են, հատկապես եթե խոսքն այնպիսի հիվանդությունների մասին է, ինչպիսին է քաղցկեղը: Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության ՄՍՄՍ կոմիտեի նախագահ Դինեշ Պենտհարկարը, մասնավորապես, կարծում է, որ քաղցկեղի դեպքում բուժում պետք է ընտրի մասագետների խումբը, որի մեջ կմտնի ուռուցքաբան, վիրաբույժ, ճառագայթաբան, քիմիաթերապեւտ եւ այլ մասնագետներ. նրանք միայն միասին կկարողանան որոշել, թե գործողությունների ինչ հերթագայությունն առավել արդյունավետ կլինի կոնկրետ դեպքում:  Մասնագետի խոսքով, նման մոտեցումը ոչ միայն նվազագույնի կհանգեցնի բժշկական սխալների հնարավորությունը, այլեւ զգալիորեն կմեծացնի հիվանդների հաջող առողջացման շանսերը:



© NEWS.am Medicine