Հայաստանի բժիշկները գրագետ են, բայց նրանց միանման կրթական ծրագրեր են հարկավոր – Քլիվլենդի կլինիկայի մասնագետ

13:10   31 հուլիսի, 2014

Հայաստանի բժիշկները շատ հմուտ են եւ գրագետ. սփյուռքահայ բժիշկների խնդիրն է ոչ թե նրանց ինչ-որ նոր բան սովորեցնել, այլ օգնել մշակել միանման կրթական ծրագրեր, որպեսզի բոլոր բժիշկները նմանատիպ նվազագույն կրթություն ստանան։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Քլիվլենդի կլինիկայի մանկաբուժական անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Սթիվեն Քիմաթյանը (Stephen Kimatian):

«Մենք չենք գալիս այստեղ՝ հայ մասնագետներին ինչ-որ բան անել սովորացնելու. նրանք արդեն շատ լավ տեխնիկական հմտություններ ունեն: Սակայն մենք կարող ենք օգնել մշակել կրթական ծրագրեր՝ թրեյնինգները որոշակի չափորոշիչների համապատասխանեցնել, որպեսզի բոլոր բժիշկները նմանատիպ կրթություն ունենան», - նշեց բժիշկ-անեսթեզիոլոգը:

Հիշեցնենք, որ Սթիվեն Քիմաթյանը Հայաստան էր ժամանել՝ մանկաբուժական անեսթեզիոլոգիայի մասին դասախոսություններ կարդալու։ Նա նաեւ մասնակցել էր մի քանի վիրահատության, որտեղ հետեւել էր հայ բժիշկների աշխատանքին եւ անեսթեզիոլոգիայի ոլորտում մի քանի նոր մոտեցում էր ներկայացրել։

Վիրահատություններից հետո նա ասաց NEWS.am Medicine-ի թղթակցին, որ նրան դուր եկավ հայաստանցի բժիշկների աշխատանքը. նրանք, Քլիվլենդի կլինիկայի մասնագետի կարծիքով, հսկայական աշխատանք են անում՝ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունենալով։

Սակայն այն, որ հայաստանցի բժիշկների մասնագիտական վարպետության միջեւ մեծ բեւեռացում կա, շարունակում է լուրջ խնդիր մնալ, կարծում է մասնագետը։ Նույն ոլորտում աշխատող բժիշկները կարող են բոլորովին տարբեր հմտություններ ունենալ եւ տարբեր չափորոշիչներով առաջնորդվել, իսկ պացիենտը չի կարող վստահ լինել, որ բոլոր կլինիկաներում միանման սպասարկում կստանա։



© NEWS.am Medicine