Կոիտոֆոբիա. վախ սեռական ակտից

23:40   16 նոյեմբերի, 2014

Ֆոբիաների շարքում մի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կոիտոֆոբիան՝ վախը սեռական ակտից: Այս յուրահատուկ ֆոբիան բավական տարածված է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:

Կոիտոֆոբիայի պատճառների եւ տարածվածության մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ է զրուցել:

Որքանո՞վ է կոիտոֆոբիան տարածված

Պարզվում է, սեռական ակտից վախը Հայաստանում նույնքան տարածված է, որքան բոլոր այլ երկրներում: Ռուզաննա Ազատյանը նշել է, որ իր կլինիկայի այցելուներից երեւի թե ամեն 3-րդը հենց կոիտոֆոբիա ունի եւ դրա պատճառով է սեքսոլոգի դիմում:

Ովքե՞ր են ավելի հաճախ կոիտոֆոբիայով տառապում

Շատերը կարող են կարծել, որ կոիտոֆոբիան ավելի շատ կանանց շրջանում է տարածված, սակայն, սեքսապաթոլոգի խոսքով, այն իրականում հանդիպում է թե կանանց, եւ թե՝ տղամարդկանց մոտ:

Ինչու՞ եւ ինչպե՞ս է առաջանում կոիտոֆոբիան

Ինչպես Ռուզաննա Ազատյանն է նշել, կոիտոֆոբիայի առաջացման պատճառները տարբեր են: Որոշ դեպքերում մեծ դեր կարող է խաղալ պացիենտի դաստիարակությունը (որոշ ծնողներ, չգիտակցելով դրա հետեւանքները, իրենց երեխաներին սեքսի հանդեպ զզվանք եւ վախ են ներշնչում), կրոնը, անձի առանձնահատկությունները:

Կոիտոֆոբիայի պատճառ կարող է դառնալ նաեւ զուգընկերոջ կամ զուգընկերուհու վարքը. երբեմն մարդիկ իրենց ոչ այնքան կոռեկտ են պահում եւ չեն գիտակցում, որ նրանց արարքները կամ խոսքերը կարող են զուգընկերոջ մոտ կոմպլեքսների կամ վախերի առաջացման պատճառ դառնալ:

Անհաջող սեռական փորձը նույնպես կարող է սեքսի հանդեպ վախ առաջացնել, ընդ որում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Սեքսապաթոլոգը հիշեց մի դեպք, երբ առաջին ամուսնական գիշերվա ընթացքում ամուսինը, ցանկանալով «գերտղամարդ» ձեւանալ, վնասել էր կնոջը, ում պատռվածքով նույնիսկ հիվանդանոց էին տեղափոխել: Իհարկե, նմանատիպ դեպքերը շատ հազվադեպ են պատահում, սակայն դրանք նույնպես կարող են կոիտոֆոբիայի առաջացման պատճառ դառնալ:



© NEWS.am Medicine