Նյարդայնանո՞ւմ եք. սթրեսը թեթեւացնելու համար պարզ շնչառական վարժություն փորձեք

22:42   26 հունվարի, 2015

Եթե Դուք հաճախ եք նյարդայնանում, անհանգստանում եւ սթրես ապրում, ապա այդ զգացմունքները հաղթահարելու համար մի քանի միջոցներ կան: Օրինակ՝ սթրեսի դեմ կարելի է սննդի օգնությամբ պայքարել, այսինքն՝ մի շարք սննդամթերքներ ուտել, որոնք կարող են մեղմացնել օրգանիզմի վրա սթրեսի ազդեցությունը եւ բարձրացնել տրամադրությունը:

NEWS.am Medicine-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս նաեւ պարզ շնչառական վարժություն կատարել, որը շատ լրագրողներ բազմիցս փորձել են: Այն կօգնի արագորեն թոթափել լարվածությունը, հանգստանալ եւ կենտրոնանալ:

Հարմար նստեք (եթե նստելը հնարավոր չէ, կարող էք կանգնել կամ նույնիսկ պառկել), փորձեք կտրվել այն ամենից, որ շրջապատում է տեղի ունենում, եւ կենտրոնանալ սեփական զգացողությունների վրա:  Այնուհետեւ շնչեք, մինչեւ չորսը հաշվելով, նույնքան ժամանակ պահեք շնչառությունը, նույնքան էլ արտաշնչեք եւ նորից մինչեւ չորսը հաշվելով պահեք շունչը:

Առաջին հայացքից վարժությունն այնքան պարզունակ է, որ դժվար է հավատալ դրա արդյունավետությանը, սակայն մի քանի այդպիսի ներշնչումներից ու արտաշնչումներից հետո Դուք կզգաք, որ սրտի աշխատանքը դանդաղում է, անհանգստության եւ տագնապի զգացողություններն սկսում են անհետանալ, նյարդային վիճակն անցնում է:

Ի դեպ, այս վարժությունը կատարելու եւս մեկ տարբերակ գոյություն ունի. տարբերությունն այն է, որ շնչել պետք է մինչեւ չորս հաշիվը, չպահելով շունչը, հետո միանգամից արտաշնչել մինչեւ չորս հաշիվը, իսկ հետո նոր շունչը պահել՝ էլի հաշվելով մինչեւ չորսը: Այսինքն, եթե վարժության առաջին տարբերակը կարելի է պատկերավոր քառակուսու տեսքով ներկայացնել, երկրորդը եռանկյունու տեսք կունենա:

Վարժության երկու տարբերակն էլ շատ արդյունավետ են եւ իսկապես հանգստացնում են, ուստի աշխատեք հիշել դրանք, հենց որ անհանգստություն կամ հուզմունք զգաք:



© NEWS.am Medicine