Առողջապահության նախարարությունում կրկին քննարկել են ԵՏՄ-ում դեղերի վերաբերյալ օրենսդրությունը

13:40   28 հունվարի, 2015

Հայաստանի Առողջապահության նախարարությունում Հայաստան դեղեր ներկրող եւ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ տեղի ունեցավ հերթական քննարկումը Եվրասիական տնտեսական միությունում դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները եւ կանոնները սահմանող միջազգային պայմանագրերի շուրջ։ Քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի մասնակցությամբ։

Արմեն Մուրադյանը հորդորեց առկա բոլոր հարցերը բարձրաձայնել, որպեսզի տեղում պարզաբանումներ տրվեն։

Դեղեր եւ բժշկական նշանակության ապրանքներ ներմուծող եւ արտադրող ընկերությունների ղեկավարները, ինչպես նաեւ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները  ներկայացրեցին մաքսազերծման հետ առնչվող խնդիրները։ Սուրեն Կարայանը տվեց համապատասխան պարզաբանումներ։

Նախարար Արմեն Մուրադյանը հորդորեց առաջնորդվել  պաշտոնական փաստաթղթերով, որոնցով անցումային շրջանում կարգավորվում են ներմուծման եւ արտահանման գործընթացները` նպատակ ունենալով ապահավել դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների գների կայունությունը։

Հիշեցնենք, որ դեռ անցած շաբաթ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստան դեղեր ներկրող եւ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ քննարկեց Եվրասիական տնտեսական միությունում դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքները եւ կանոնները սահմանող միջազգային պայմանագրերը:

Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել է ԵՏՄ-ում դեղերի շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը 

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման եւ արտահանման գործում առկա խնդիրներ, որոնք առնչվում են մաքսազերծման հետ։ Դրանց լուծումներ տալու նպատակով Արմեն Մուրադյանը հարցը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

 



© NEWS.am Medicine