Ազգային թեժ գիծը 2014 թվականին 1428 զանգ է ստացել ընտանեկան բռնության վերաբերյալ

13:46   6 մարտի, 2015

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության  թեժ գծի ծառայությունը 2014 թվականին 1758 զանգ է ստացել, որոնցից 1428-ը ընտանեկան բռնության դեպքերի են վերաբերել: Այս մասին լրագրողներին հայտնեց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի կենտրոն է դիմել է 486 կին, որոնք հոգեբանական բռնության զոհ են դարձել (կամ էլ ցանկացել են բռնության ենթարկված իրենց ծանոթներին կամ բարեկամներին օգնել): 150 կին ֆիզիկական բռնության զոհ է դարձել, 8-ը՝ սեռական: Ընդ որում՝ 644 կնոջ զանգ առաջնային է եղել, 784-ը՝ կրկնվող:

2014 թվականի ողջ ընթացքում կենտրոն է այցելել 576 կին, որոնցից 211-ը առաջին անգամ է եկել, իսկ 356-ը նախկինում արդեն դիմել էին:  Այս կանանցից 163-ը ենթարկվել են հոգեբանական բռնության, 42-ը ֆիզիկական բռնության եւ 6-ը՝ սեռական:

Հանրապետության մարզերից կենտրոնը 84 զանգ է ստացել, որոնցից 63-ը հայտնել են բռնության մասին: Եվս 8 զանգ արտերկրից է եղել: Մարզերի բնակիչ 17 կին է կենտրոն այցելել:

Հիշեցնենք՝ 2013 թվականին Ազգային թեժ գծի ծառայությունը 1902 զանգ է ստացել, որոնցից 1363-ը ընտանեկան բռնության դեպքերի են վերաբերել: Ստացվում է, որ քանակական տեսանկյունից դիմումների քանակը մի փոքր նվազել է, այնինչ բռնության դեպքերի քանակն աճ է արձանագրել:

Հիշեցնենք նաեւ, որ  «Կանանց իրավունքների կենտրոնում» բռնության զոհ դարձած կանայք կարող են անվճար իրավական եւ հոգեբանական օգնություն ստանալ:  «Կանանց իրավունքների կենտրոն» կարելի է դիմել 010 54 28 28 կամ 0 800 80 850 հեռախոսահամարներով:



© NEWS.am Medicine