• Latest news

2013 թվականին Ազգային թեժ գիծը ընտանեկան բռնության վերաբերյալ 1363 ահազանգ է ստացել

11 սեպտեմբերի, 2014  14:26

Ազգային թեժ գծի ծառայությունը 2013 թվականին 1902 զանգ է ստացել, որոնցից 1363-ը ընտանեկան բռնության դեպքերի են վերաբերել: Այս մասին լրագրողներին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանն է հայտնել:

Նրա խոսքով, ընտանեկան բռնության դեպքերի մասին վկայող 1363 ահազանգից 526-ը առաջնային եղել, 837-ը՝ կրկնվող: Առաջին անգամ կենտրոնին դիմողներից 350-ը հոգեբանական բնույթի բռնության զոհեր են գնահատվել, 168-ը՝ ֆիզիկական բռնության, եւս 8-ը՝ սեռական:

Նույն՝ 2013 թվականին Կանանց իրավունքների կենտրոն է այցելել ընտանեկան բռնության ենթարկված 759 կին, որոնցից 288-ն առաջին անգամ է դիմել, իսկ 471-ը՝ երկրորդ: Առաջին անգամ այցելող կանանցից 193-ը ընտանիքում հոգեբանական բռնության են ենթարկվել, 83-ը՝ ֆիզիկական բռնության, եւ 12-ը՝ սեռական:

Նախորդ տարիների համեմատ զանգերի եւ այցերի թիվը զգալիորեն աճել է, սակայն, հոգեբանի կարծիքով, փոփոխության պատճառը ոչ թե երկրում գրանցվող բռնության դեպքերի ավելացնումն է, այլ՝ այն հանգամանքը, որ կանայք ավելի տեղեկացված են դարձել եւ գիտեն, թե ուր է պետք դիմել:

Չնայած դրան, հոգեբանի խոսքով, շատ կանայք տարիներ շարունակ հանդուրժում են բռնությունը եւ դիմում են կենտրոն միայն այն ժամանակ, երբ անելանելի վիճակում են հայտնվում կամ երբ ընտանեկան բռնությունը տարածվում է ոչ միայն նրանց, այլ նաեւ՝ երեխաների վրա: Հիմնականում կենտրոնի օգնությանն են դիմում միջին տարիքի եւ հազվադեպ՝ տարեց կանայք. վերջիններս սովոր են բռնության՝ տասնամյակներ տեւած դրսեւորումների մասին չբարձրաձայնել:  

Կանանց իրավունքների կենտրոնում բռնության ենթարկված կանայք կարող են, անվճար հիմունքներով, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն ստանալ: Կենտրոնի իրավաբան Անաիդա Սիմոնյանի խոսքով, հայ կանանցից շատերը, ցավոք, բավականաչափ իրազեկված չեն եւ գրեթե ոչինչ չգիտեն իրենց իրավունքների մասին: Սակայն նման դեպքերում իրավաբանը կարող է օգնել նրանց՝ ամուսնալուծության, երեխաների բնակության վայրի, գույքի բաժանման եւ մի շարք այլ խնդիրների շուրջ առաջացած հարցերին լուծում տալու համար:

Իհարկե, ոչ միշտ է, որ ընտանեկան բռնության զոհերը իրավաբանական խորհրդատվության կարիք են ունենում՝ երբեմն հոգեբանի օգնությունն ու խորհրդատվությունն էլ բավական է. այն, բազմաթիվ դեպքերում, ընտանիքում ի հայտ եկած խնդիրները լուծելու եւ բռնության հետագա դեպքերը կանխելու հնարավորություն է ընձեռում:

Եթե ընտանիքում բռնության եք ենթարկվել, կարող եք դիմել Կանանց իրավունքների կենտրոն՝ զանգահարելով 010 54 28 28 կամ 0 800 80 850 հեռախոսահամարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել