• Latest news

ԱՄՆ-ում երբեք ծխող բժշկի չեք տեսնի. Ամերիկացի ատամնաբույժ

23 մայիսի, 2016  15:32

25-30 տարի առաջ ԱՄՆ-ում ծխելու հետ կապված իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին Հայաստանում, բայց այսօր ամերիկյան հասարակության կողմից ծխելն ընկալվում է որպես բացասական երեւույթ, այդ պատճառով ԱՄՆ-ում դուք երբեք չեք տեսնի մարդկանց ներկայությամբ ծխող բժշկի: Նույնիսկ եթե ամերիկացի բժիշկը ծխում է, դա անում է հիվանդներից եւ գործընկերներից հեռու: Այդ մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ամերիկյան ատամնաբույժ-հիգիենիստների ասոցիացիայի անդամ, մասնագիտական շարունակական զարգացման մասնագետ եւ ծխելու դեմ պայքարի արտոնագրված մասնագետ Բարբարա Շերինը:

Հայաստանում լինելու ընթացքում բժիշկ Շերինին ամենից ավելի զարմացրել է ծխող մարդկանց թիվը եւ այն փաստը, որ հայ շատ բժիշկներ ոչ միայն ծխում են, այլեւ դա անում են հանրության աչքի առաջ` դրանով շրջապատող մարդկանց իրենց կամքից անկախ դարձնելով պասիվ ծխողներ եւ վնաս հասցնելով նրանց առողջությանը: Նրան քիչ չի զարմացրել նաեւ այն, որ հայ որոշ նախարարներ եւս բացահայտորեն ծխում են եւ հասարակության կողմից դա ընկալվում է որպես լիովին նորմալ բան: 

«Ես զարմացած եմ, թե այստեղ ինչ շատ են ծխում: Երիտասարդ տղաները ծխում են: Նույնիսկ բժիշկներն են ծխում: ԱՄՆ-ում դուք երբեք ծխող բժիշկ չեք տեսնի: Մեզ մոտ նույնիսկ եթե բժիշկը ծխում է, դա այնպես է անում, որ ոչ մեկը չտեսնի, որովհետեւ հանրային վայրերում ծխելը ոչ միայն արգելված է, այլեւ հասարակության համար անընդունելի», - պատմել է բժիշկ Շերինը:

Մասնագետի խոսքով, ԱՄՆ-ում այսօր հիվանդանոցներում եւ գործնականում բոլոր հանրային վայրերում արգելված է ծխելը եւ դա օգնում է չծխողներին  զերծ պահել վնասից, որը կարող է նրանց հասցնել ծխախոտի ծուխը: Հոկտեմբերից ԱՄՆ-ում կգործի նաեւ նոր օրենքը, որի համաձայն, արգելված կլինի մեքենայում ծխելը, եթե նրանում երեխաներ կան. դա կօգնի երեխաներին պաշտպանել պասիվ ծխելուց եւ այն հիվանդություններից, որոնք կարող են զարգանալ նրանց մոտ:  

Բարբարա Շերինը հիշեցրել է, որ ծխելն այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկի հիմնական գործոնն է, ինչպիսիք են բերանի խոռոչի, թոքերի, միզափամփուշտի եւ շատ այլ ուռուցքների քաղցկեղը: Իսկ ծխելուց հրաժարումը այդ բոլոր հիվանդությունների ամենաէժան եւ մատչելի միջոցն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll