• Latest news

Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

31 մայիսի, 2016  12:52

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:

Օրվա շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը ծխելու վնասակար հետեւանքների մասին, տարածել առողջ ապրելակերպի գաղափարը եւ գտնել ուղիներ՝ ապագա սերունդներին պաշտպանելու նիկոտինային կախվածությունից:

Ծխախոտ օգտագործող մարդկանց ավելի քան 80%-ն ապրում են տնտեսապես ոչ զարգացած երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդությունների բեռն ամենամեծն է: Ծխախոտի մշտական օգտագործումը ուժեղ կախվածություն է առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ունի ծխողի առողջության վրա: Տուժում է նաեւ չծխողների առողջությունը, որոնք գտնվում են ծխողի կողքին եւ հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը: Այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն եւ Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան կոչ են անում երկրներին մշակել ծխախոտային արտադրանքի պարզ փաթեթավորում եւ պիտակավորում:

Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Պատրաստ լինենք պարզ/ստանդարտ փաթեթավորմանը», որի շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» քարտուղարությունը կոչ են անում անդամ երկրներին փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի փաթեթավորման գործընթացում` դարձնելով այն ստանդարտ, պարզ եւ ոչ գրավիչ:

Այժմ շատ երկրների ծխախոտի տուփերին առկա է ոչ միայն նշված գրությունը, այլեւ մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող, ինչպես նաեւ ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող նկարներ:

Ընթացիկ տասնամյակում ծխելու դեմ պայքարը դարձել է երկրի կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը եւ դրա հետեւանքով առաջացած հիվանդությունների հիվանդացության եւ մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Մի շարք առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ: Ընդհանուր առմամբ, բնակչության մահացության հիմնական պատճառները չորսն են` սրտանոթային հիվանդություն, երեք տիպի չարորակ նորագոյացություն (առավելապես` թոքի), այնուհետեւ` շաքարային դիաբետ, քրոնիկ թոքային հիվանդություններ եւ լյարդի ցիրոզ: Ավելին` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ քաղցկեղը:

Ծխախոտի օգտագործումը Հայաստանում հանրային առողջության հիմնական խնդիրներից մեկն է: Ավանդաբար հայերն օգտագործել են ինչպես ձեռքով փաթաթված /գլանակ/, այնպես էլ արդյունաբերական սիգարետներ: Բոլոր ժամանակներում ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են եղել:

Վերջին տարիներին «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007 եւ 2009 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 26 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 53 տոկոս: Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոնն է: Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են (շուրջ 3 տոկոս): Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերությունը Երեւանի /ավելի բարձր/ եւ մարզերում բնակվող կանանց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում հնարավոր եղավ որոշակի դրական տեղաշարժի հասնելու տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել