• Latest news

Հայ հիվանդները շուտով ստիպված չեն լինի արտասահման գնալ ճառագայթային բուժման համար

30 սեպտեմբերի, 2016  00:25

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ու իրանական Varan Parto Darman ընկերությունը սեպտեմբերի 29-ին համագործակցության մասին Հուշագիր են ստորագրել: Հռուշագիրը ստորագրել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը եւ իրանական ընկերության տնօրեն Մոհամադ Հոջաթփանահը (Mohammad Hojatpanah):

Varan Parto Darman ընկերությունը Իրանում ամերիկյան Varian Medical Systems ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչն է, իսկ վերջինն աշխարհում առաջատարն է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության, պրոտոնային թերապիայի ու բրախիթերապիայի համար նախատեսված բուժսարքավորումների ու ծրագրային ապահովման արտադրության ոլորտում:

NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում Varan Parto Darman ընկերության ներկայացուցիչ Կարեն Վարտանովը պարզաբանել է, որ Varan Parto Darman-ը նախաձեռնել է Հայաստանում Varan Armenia ընկերության ստեղծումը, որն իր հերթին լինելու է Հայաստանում Varian Medical Systems –ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը: «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ համագործակցությունը սկսվելու է կենտրոնի աշխատակիցներին Varian սարքավորումների հետ աշխատել սովորեցնելուց: Նոյեմբերին այդ նպատակով նրանք Թեհրան կայցելեն, ու այդ ամենը կազմակերպվելու է իրանական կողմի գումարներով»,- պատմել է նա: Դրանից հետո նորից իրանական կողմի ներդրումների շնորհիվ «Varan Հայաստանը» կես տարվա ընթացքում ճառագայթային թերապիայի համար նոր սարքավորումներ կստանա ամերիկյան Varian –ից։ «Սարքավորումը էժան չէ, այն մոտ 4-5 մլն եվրո արժե»,- նշել է նա։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը նշել է, որ այսօր կենտրոնը վերածնվում է՝ հին շենքը վերանորոգվում է, վերազինվում ամենաարդիական սարքավորումներով: «Այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկը ճառագայթային բժշկության մակարդակի բարձրացումն է: Կենտրոնում ( այսինքն Հայաստանում) հիմա չորս սարքավորում կա, որոնցից մեկը Elekta ընկերության արտադրանքն է, որը եղածներից ամենաժամանակակիցն է: Բայց ավելի հզոր սարքավորումների անհրաժեշտություն էլ կա»- նշել է նա:

Արմեն Տանանյանի խոսքով առաջին փուլում Հուշագիրը նախատեսում է բուժանձնակազմի որակավորման բարձրացում, համատեղ գիտաժողովների կազմակերպում եւ այլն: «Երկրորդ փուլով Ուռուցքաբանության կենտրոնը կստանա Varian ընկերության սարքավորումը, որը ամբողջ աշխարհում ճառագայթային թերապիայի համար լավագույնն է համարվում, ու մեր Կենտրոնը, ինչպես այսօր հայտնեց Մոհամադ Հոջաթփանահը, վեց ամսվա ընթացքում կստանա առաջին նման սարքավորումը, իսկ եւս 3-4 ամիս հետո՝ երկրորդը»- ասել է նա:

Խոսելով այն մասին, թե ինչ դա կտա՝ Կենտրոնի տնօրենը նշեց, որ դրա շնորհիվ ուռուցքաբանական հիվանդները այլեւս ստիպված չեն լինելու բուժման համար հեռավոր ու մերձավոր արտասահման մեկնել ՝ այդ նույն Վրաստան: Իրանական կողմի հետ քննարկվել է նաեւ գների հարցը, ու ենթադրվում է որ Հայաստանում գները ամենացածրը կլինեն տարածաշրջանում: Բացի դրանից կստեղծվի հիմնադրամ, որպեսզի սոցիալապես անապահով խավերը նույնպես կարողանան բուժում ստանալ:

Իր ելույթում իրանական ընկերության ղեկավար Մոհամադ Հոջաթփանահը մի փոքր շեղվեց թեմայից ՝ նշելով որ ցավոք Հայաստանում Իրանի մասին սխալ պատկերացում կա, չնայած հարեւան երկրներ են: Այստեղ համարում են, որ Իրանը փակ երկիր է ու այնտեղ չկա ոչ մի առաջխաղացում: Մինչդեռ Իրանը բժշկության ու առողջապահության զարգացման մակարդակով տարածաշրջանի ամենաառաջադեմ երկրներից մեկն է: Իրանում օրգանների փոխպատվաստում են անում, երկիրը զարգացած դեղագործական արդյունաբերություն ունի ու Իրանում կան այն բոլոր բուժսարքավորումները, որոնք կան աշխարհում:

Ելույթների ժամանակ պարզվեց, որ այդ գործընթացը եւս մեկ մասնակից ունի ՝ Հայաստանի կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ վաղուց է ծանոթ Varan Parto Darman ֆիրմայի ներկայացուցիչների հետ: Երբ իրանական գործընկերների մոտ առաջացել է ճառագայթային թերապիայի ոլորտում Հայաստանի հետ աշխատելու ցանկություն, նրանք դիմել են Բենիկ Հարությունյանին, ու նույնիսկ առաջարկել են զարգացնել այդ ոլորտը նրա ինստիտուտում: Սակայն ինստիտուտի տնօրենը հրաժարվել է, նրանց ուղարկելով պրոֆիլային հաստատություն՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է