• Latest news

Ծխելը քաղցկեղի բազմաթիվ տեսակների առաջացման հիմնական պատճառներից է. մասնագետ

11 հոկտեմբերի, 2016  19:19

Ծխելը քաղցկեղային բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի, կոկորդի, ստամոքսի, միզապարկի եւ կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ուռուցքաբան, քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը։

Նրա խոսքով՝ թոքերի քաղցկեղով հիվանդների ավելի քան 90%-ը ծխողներ են, եւ միայն այս փաստն ապացուցում է, որ ծխելը մեծացնում է քաղցկեղի այս տեսակի առաջացման վտանգը։ Հազվագյուտ դեպքերում է միայն թոքերի քաղցկեղի պատճառ դառնում քաղցկեղածին այլ քիմիական նյութերի ազդեցությունը, օրինակ՝ ռադոնի, ծանր մետաղների, քլորմեթիլային եթերի եւ այլն։

Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում թոքերի քաղցկեղի 1353 նոր դեպք է արձանագրվել։ Ընդամենը 5 տարվա ընթացքում երկրում քաղցկեղի այս տեսակով 6180 հիվանդ է հայտնաբերվել։ Նրանց գերակշռող մասը, բժիշկների խոսքով, ծխողներն են։

Ծխելը նաեւ միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական գործոններից է, ինչը հաստատեց ուրոլոգ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը։ Մասնագետի խոսքով՝ բազմաթիվ հիվանդներ չգիտեն այդ մասին, բայց քաղցկեղի այդ տեսակի առաջացումն ուղղակիորեն կախված է օգտագործված ծխախոտի քանակությունից. որքան շատ է մարդը ծխում, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա մոտ միզապարկի քաղցկեղ կառաջանա։

Հիվանդությունների հետազոտության եւ տեղեկացվածության հնդկական ազգային կենտրոնի տվյալներով՝ ծխելը նաեւ կոկորդի եւ գլխի քաղցկեղի դեպքերի մեծ մասի պատճառն է, իսկ ծխելուց հրաժարվելը կարող է քաղցկեղի այս տեսակների առաջացման վտանգը կրճատել 80%-ով։

Հիշեցնենք, որ U.S. National Institute of Environmental Health Sciences-ի գիտնականների պնդմամբ՝ ծխելը լուրջ եւ երկարաժամկետ փոփոխություններ է առաջացնում ավելի քան 7000 գեների աշխատանքում (սա կազմում է ներկայում հայտնի բոլոր գեների շուրջ մեկ երրորդը)։ Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ գեների աշխատանքում փոփոխությունները կարող են հանգեցնել քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգի մեծացման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll