Հայաստանում ծխողների քանակի նվազեցման եւ չծխողներին երկրորդական ծխից պաշտպանելու համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումներ ձեռնարկել։ Այս մասին հայտնում է ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ Լիլիթ Գրիգորյանը:
Նախեւառաջ, փորձագետի խոսքով, անհրաժեշտ է ընդունել մի շարք օրենքներ, որոնք արգելում են հասարակական վայրերում եւ կից տարածքներում ծխելը: Սա ամենակարեւոր քայլն է, որը պետք է ծխախոտի ծխից պաշտպանի չծխողներին՝ ներառյալ երեխաներին եւ դեռահասներին:
Բացի այդ, անհրաժշտ է ուժեղացնել օրենսդրական դաշտը ծխախոտի գովազդի առումով, ինչպես նաեւ խստացնել մինչեւ 18 տարեկաններին ծխախոտ վաճառելու արգելքը։
Փորձագետի կարծիքով՝ հավասարապես կարեւոր է, որ բնակչության շրջանում ադեկվատ, գրագետ տեղեկատվություն տարածվի ծխելու ռիսկերի մասին: Ավելին՝ երիտասարդների շրջանում հարկ է տարածել տեղեկություն, որ ծխելը ընդհանրապես գեղեցիկ չէ: Ընդհակառակը՝ գեղեցիկ է առողջ ապրելակերպ վարելը եւ սպորտով զբաղվելը:
Ծխելուց հրաժարվել ցանկացողների համար մասնագետների օգնությունը երկրում պետք է հասանելի լինի: Նման մասնագետներ կարող են լինել պոլիկլինիկաներում, կարող է լինել նաեւ թեժ գիծ, որին մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, կարողանան զանգահարել:
Ծխախոտների գները, փորձագետի կարծիքով, պետք է այնքան բարձր լինեն, որ շատ մարդկանց հասանելի չլինեն: Չափազանց կարեւոր է, որ բարձր գնի պատճառով երեխաները եւ դեռահասները չկարողանան ծխախոտ գնել:
Համաձայն հարցումների՝ Հայաստանում շատերը կշարունակեն ծխել, նույնիսկ եթե ծխախոտի գները բարձրանան։
Այնինչ ամբողջ աշխարհում ծխախոտի գնի բարձրացումը համարվում է ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը (https://med.news.am/rus/news/10611/5-ispolzuemiykh-v-mire-sposobov-kontrolya-kureniya.html)։
Այսօր Հայաստանը համարվում է այն երկրներից, որտեղ ծխախոտը վաճառվում է առավել մատչելի գներով: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գների բարձրացումը, փաստորեն, ստիպում է մարդկանց թողնել ծխելը, նույնիսկ 20 տոկոսով: ծխախոտի գնի բարձրացումը զգալի հարված է նրանց գրպանին, եւ մարդիկ գերադասում են չծխել եւ այդ գումարը ծախսել այլ բաների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day