Հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումը զգալիորեն նվազեցնում է ծխող կանանց ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին են վկայում ԱՄՆ Ուռուցքաբանության ազգային ինստիտուտի գիտնականների անցկացրած նոր հետազոտության արդյունքները։
Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 000 կանանց տվյալներ, որոնք 1995-2011 թթ․ ժամանակահատվածում ընդունել են հակաբեղմնավորիչ հաբեր։ Պարզվել է, որ այն կանանց շրջանում, որոնք առնվազն 10 տարի ընդունել են հակաբեղմնավորիչ հաբեր, ձվարանների քաղցկեղի հավանականությունը նվազել է 40 տոկոսով, իսկ ծխող կանանց մոտ՝ 66 տոկոսով։ Բացի դրանից օրալ հակաբեղմնավորիչները 34 տոկոսով նվազեցրել են էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Մասնագետները շեշտում են, որ ծխելն ինքնին բարձրացնում է ձվարանների մուցինոզ քաղցկեղի հավանականությունը 77 տոկոսով։ Բացի դրանից, ձվարանների քաղցկեղի հավանականությունը աճում է նաեւ ճարպակալման, դաշտանադադարի ու 35 տարեկանից հետո առաջին հղիության պատճառով։ Նաեւ քաղցկեղի այդ տեսակին հակված են չծննդաբերած կանայք։
Նշենք նաեւ, որ ժամանակակից բժիշկները հազվադեպ են ծխողներին նշանակում հորմոնալ հակաբեղմնավորիչներ, քանի որ դրանց գործածումը բարձրացնում է թրոմբի գոյացման հավանականությունը՝ մանավանդ ծխողների մոտ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում