Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը խոստացել է օգնել վիրավոր Ալբերտ Դալլաքյանին՝ բուժման նպատակով Գերմանիա մեկնելու համար վիզա ստանալու հարցում։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում նախագահը ծանոթացել էր զինծառայողների բուժման ընթացքին ու զրուցել վիրավորների հետ։ Ալբերտ Դալլաքյանի բժիշկը նախագահին պատմել էր, որ կա պայմանավորվածություն Ալբերտ Դալլաքյանի բուժումը Գերմանիայում շարունակելու մասին (նա պետք է ենթարկվի պլաստիկ վերականգնման վիրահատության), սակայն Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը մեծ հերթ է, ու հնարավոր է՝ նա չհասցնի մինչեւ պահանջված ժամկետը վիզա ստանալ։ Վիրահատությունը նշանակված է հունիսի 12–ին, Հայդելբերգում։
Արմեն Սարգսյանը խոստացել է զանգահարել դեսպանատուն ու կապվել արտգործնախարարի հետ, որպեսզի Ալբերտ Դալլաքյանի մեկնելու հարցը ժամկետների մեջ լուծվի։
Նախագահը նախաճաշել է վիրավոր զինծառայողների հետ եւ մաղթել, որ Առաջին Հանրապետության 101-ամյակի տոնակատարությանը (այս տարի նշվում է 100-ամյակը – խմբ.) նրանք ոտքի կանգնած լինեն ու մասնակցեն տոնական միջոցառումներին: Նա նշել է, որ նրանցից յուրաքանչյուրը կամքի ահռելի ուժ ունի, նրանք բարդ ճանապարհ են անցել, եւ ցանկացել է, որ բոլորը ընտանիք կազմեն ու ծերության տարիներին իրենց թոռնիկներին պատմեն իրենց ճանապարհի մասին: «Հայրենասիրությունը միայն կոչեր չեն, եւ դուք դրա լավագույն օրինակն եք»,- ասել է նա:
Ալբերտ Դալլաքյանը գլխից վիրավորում էր ստացել 2016-ի հունիսին՝ իր հրամանատարի զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day