Սրտի առողջությունը եւ դեմենցիայի զարգացման վտանգը փոխկապակցված են: Այս մասին ասվում է «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի» (JAMA) ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրել են Ֆրանսիայի երեք քաղաքներից` Բորդոյից, Դիջոնից եւ Մոնպելյեից, 65 տարեկանից բարձր 6,626 մարդու տվյալները:
Սրտի առողջության ցուցանիշը որոշվել է սրտի առողջության 7 գործոնի հիման վրա՝ ծխելու, ֆիզիկական ակտիվության, սննդակարգի (ձկների, բանջարեղենի եւ մրգերիի օգտագործման), մարմնի զանգվածի ինդեքսի, խոլեստերինի աստիճանի, գլյուկոզայի եւ արյան ճնշման հիման վրա:
8 տարվա դիտարկումների ընթացքում 745 (11,2 տոկոս) մասնակիցների մոտ դեմենցիա է զարգացել:
Պարզվել է, որ դեպքերի մեծամասնության ժամանակ (12,7 տոկոս) դեմենցիան զարգացել է նրանց մոտ, որոնց մոտ լավ պարամետրերը նկատվել են առավելագույնը երկու ցուցանիշների դեպքում:
Կոգնիտիվ ունակությունների եւ հիշողության թեստավորման արդյունքներով պարզվել է, որ տարեցների մոտ, որոնց սրտի առողջության ցուցանիշները բոլոր կետերով վատ արդյունք ունեին, կոգնիտիվ ունակությունները երկու անգամ ավելի արագ են նվազել, քան նրանց մոտ, որոնց բոլոր 7 ցուցանիշները համապատասխանում էին նորմային:
Ըստ հետազոտողների, սրտի եւ ուղեղի հիվանդությունները նմանատիպ պաթոլոգիական մեխանիզմներ ունեն: Այսպիսով, սրտանոթային համակարգի օպտիմալ ցուցանիշների ֆունկցիոնալության համադրությունը կարող է նվազեցնել դեմենցիայի զարգացման վտանգը:
Միեւնույն ժամանակ, ուսումնասիրությունը կրել է դիտորդական բնույթ եւ մատնանշում է ասոցիացիային, այլ ոչ թե ուղղակի պատճառահետեւանքային կապը: Չնայած դրան, հետազոտության արդյունքները նաեւ հնարավորություն են տալիս ձեւակերպել դեմենցիայի կանխարգելման առաջարկություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day