• Latest news

Խնձորները ծխախոտի փոխարեն. Երեւանում անցկացվել է հակածխախոտային ֆլեշմոբ

31 մայիսի, 2019  20:20

Թոքերի քաղցկեղով հիվանդանալու վտանգը 22 անգամ մեծ է ծխողների շրջանում: Ավելին, ծխելը վնասակար է ոչ միայն մարդկանց առողջության համար, այլ նաեւ երկրի տնտեսության առումով, հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այսօր Երեւանում Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացվել է ֆլեշմոբ, որի ընթացքում Հյուսիսային պողոտայում 20 երիտասարդներ միաժամանակ սկսել են հազալ՝ այդկերպ ցույց տալով, թե ինչ խնդիրներ է առաջացնում ծխելը: Առողջապահության նախարարը, ԱՀԿ-ի ներկայացուցիչն ու ՄԱԿ-ի համակարգողն առաջարկել են փոխարինել ծխախոտը խնձորով, որն առողջ ապրելակերպի խորհրդանիշն է:

2019 թվականի Ծխախոտի դեմ պայքաի համաշխարհային օրվա թեման  էր «Ծխախոտն ու թոքերի առողջությունը», իսկ այսօր ամբողջ աշխարհում անցկացվող միջոցառումների նպատակը՝ ցույց տալ, թե առողջության համար ընդհանուր առմամբ եւ թոքերի համար մասնավորապես ինչ հետեւանքներ է թողնում ծխելը:

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքերի քաղցկեղի շուրջ 1500 դեպք, որոնք անմիջականորեն կապված են ծխելու հետ: Ավելին, թոքերի քաղցկեղը 5-6 անգամ ավելի մեծ տարածում ունի տղամարդկանց շրջանում, որոնց թվում ծխողներն ավելի շատ են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52 տոկոսը:

Նախարարի խոսքով՝ ծխելուց հրաժարվելը երբեք ուշ չէ, եւ դա ոչ միայն բարելավում է առողջությունը, այլ նաեւ նպաստում է տնտեսության զարգացմանը, չէ՞ որ որքան առողջ եւ աշխատունակ է մարդը, այնքան ավելի արդյունավետորեն կարող է աշխատել բիզնեսի համար:

Հայաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Եգոր Զայցեւն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում 8 մլն մարդ ամեն օր մահանում է ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից, եւ 1 մլն մարդ՝ պասիվ ծխելու արդյունքում ի հայտ եկած հիվանությունների հետեւանքով:

«Ծխող մարդիկ պետք է հասկանան, որ վնասում են ոչ միայն սեփական առողջությունը, այլ նաեւ շրջապատողներինը,-նշել է մասնագետը:-Ծխող մարդը թունավորում է իր երեխաների, տիկնոջ թոքերը: Այդ պատճառով պետք չէ ծխել մարդկանց մոտ, ում սիրում եք»:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր հերթին եւս ընդգծել է, որ ծխելը վաղաժամ մահացության հիմնական պատճառներից մեկն է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

«Երկրում, որտեղ կարեւորվում է կյանքը, ծխելու դեմ պայքարը կարեւորագույն մարտահրավերն է, որով մենք պետք է զբաղվենք միասնական ուժերով: Եթե մենք ցանկանում ենք, որ երկրում տեղի ունենա տնտեսական հեղափոխություն, պետք է պայքարենք ծխելու դեմ, եւ դա անենք գրագետ կերպով՝ հետեւելով մի շարք երկրների օրինակին: Հայաստանը ոչ մի պատճառ չունի հետ մնալու առաջընթացից, որը գրանցել են ուրիշ երկրները,-ասել է նա:- Անցյալ տարի մենք տեսանք, որ այստեղ՝ Հայաստանում, երիտասարդությունն ունակ է շատ գործերի: Ես կարծում եմ, որ ձեր օգնությամբ մենք կհասնենք նրան, որ Հայաստանը դառնա ծխախոտից ազատ երկիր՝ հանուն լուսավոր ապագայի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll