Ինչ ըմպելիքներ կարելի է տալ երեխաներին․ փորձագետները ուղեցույց են կազմել

25 սեպտեմբերի, 2019  09:32

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի, Սննդի եւ դիետոլոգիայի ակադեմիայի, Ամերիկյան մանկական ստոմատոլոգիայի եւ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի փորձագետները՝ սննդի ոլորտում առաջատար Healthy Eating Research գիտահետազոտական կազմակերպության գլխավորությամբ, մշակել են փոքր տարիքի՝ 0-5 տարեկան երեխաների համար ըմպելիքների օգտագործման ուղեցույց։

Գիտականորեն հիմնավորված խորհրդատվությունների մշակման համար մասնագետները կատարել են գիտական գրականության եւ այլ փաստաթղթերի ընդհանուր տեսություն։

Այսպիսով, առաջարկվող ըմպելիքների ընտրությունը (հարկ է նշել, որ այս խորհրդատվությունները վերաբերում են միայն առողջ երեխաներին) հետեւյալն է․

0-6 ամսական՝ միայն կրծքի կաթ (կամ արհեստական կաթնային խառնուրդ)։ 6-12 ամսական՝ ի լրումն կրծքի կաթի/խառնուրդի, կարելի է երեխաներին ոչ մեծ քանակությամբ խմելու ջուր տալ՝ պինդ կերակրատեսակներից հետո։ Բավական է մի քանի կումը ուտելու ժամանակ։ Հյութեր երեխաներին ավելի լավ է չտալ, քանի որ դրանցում չկան սննդարար առավելություններ՝ համեմատած ամբողջական մրգերի հետ։ 12-24 ամսական՝ երեխաներին կարելի է տալ անարատ կաթ, սովորական խմելու ջուր, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ՝ առանց շաքարի (սակայն նախընտրելի են իսկական մրգերի փոքր կտորները) 2-5 տարեկան՝ անյուղ կաթ, ջուր՝ օրական 0,7-0,9 լ, ոչ մեծ քանակությամբ 100 տոկոսանոց մրգային հյութ։

Փոքր տարիքի երեխաների սննդակարգում պետք է խուսափել շաքարի հավելումով ըմպելիքներից, այդ թվում համային հավելումներով կաթից, շաքար պարունակող եւ ցածր կալորիականությամբ ըմպելիքներից, ինչպես նաեւ կոֆեինով եւ բուսական/ոչ կաթնային (նուշի, բրնձի, վարսակի) կաթից։ Այս բոլոր սննդամթերքները յուրահատուկ սննդարար արժեք չունեն։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն, ինչ երեխաները խմում են մինչեւ 5 տարեկանը, ոչ միայն ազդում է նրանց սննդային սովորությունների վրա հետագայում, այլեւ էականորեն ազդեցություն է թողնում նրանց առողջական վիճակի վրա ե՛ւ ներկայում, ե՛ւ ապագայում, այդ պատճառով շատ կարեւոր է ծնված օրից ճիշտ կազմակերպել երեխայի սննդակարգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում