Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է․ թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում

17 ապրիլի, 2020  11:20

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է․ թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե' երեխան, թե' մայրը իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Առողջություն եմ մաղթում նրանց», - գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 42 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 1201 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 10793 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1161): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում պակասել է 3-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 402 անձ (վերջին մեկ օրում՝ 44 մարդ), 19 պացիենտ մահացել է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում