COVID-19-ը կարող է մտավոր շեղումներ եւ զառանցանքներ առաջացնել․ հետազոտություն

5 նոյեմբերի, 2020  23:24

Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները COVID-19-ի ծանր ձեւով պացիենտների գրեթե 24%-ի մոտ զառանցանք (գիտակցության մթագնման) եւ մտավոր շեղումներ են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ խնդիրները երբեմն պահպանվել են ապաքինումից հետո մի քանի ամիս: Մասնավորապես, հիվանդանոցից դուրս գալուց 2 ամիս անց ախտանիշների պահպանման վերաբերյալ տվյալներ կան:

Գիտնականները հետեւել են կորոնավիրուսային վարակի շատ ծանր ձեւերով 150 պացիենտների առողջությանը։ Այսպես, պացիենտների մոտ 70%-ը, գտնվելով վերակենդանացման բաժանմունքում, զառանցանքի մի քանի նոպաներ է ունեցել (գիտակցությունը մթագնել է, ուշադրությունը, ընկալումը եւ մտածողությունը վատացել են): Դեպքերի մեկ երրորդում մասնագետներին չի հաջողվել բարելավել կամ կայունացնել այս վիճակը՝ մինչեւ COVID-19-ից պացիենտների լիարժեք ապաքինվելը:

Բացի զառանցանքներից, շատ պացիենտների հիշողությունը վատացել է եւ ճանաչողական ունակությունները նվազել են: Երբեմն այդ խնդիրները պահպանվել են նույնիսկ այն բանից հետո, երբ օրգանիզմը ազատվել է վիրուսից: Պացիենտների գրեթե 23%-ի մոտ մտավոր ակտիվության խանգարումներ են դրսեւորվել, իսկ 24%-ի դեպքում զառանցանքի կրկնվող նոպաներ են եղել։

Այս խնդիրների պատճառը, ըստ մասնագետների, կարող է լինել այն, որ վիրուսը խաթարում է ուղեղի անոթների աշխատանքը: Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսային վարակով շատ պացիենտներ կորցնում են հոտառությունը: Դա, ամենայն հավանականությամբ, այն պատճառով է, որ վիրուսը ներթափանցում է ուղեղ եւ էքթի լորձաթաղանթի հոտառական ռեցեպտորների միջոցով տարածվում է նյարդային համակարգում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում