Թոքերի քաղցկեղ ունեցող պացիենտների ճնշող մեծամասնությունը ծխողներ են: Սակայն երբեմն այդ հիվանդությունն ախտորոշվում է նաեւ չծխող մարդկանց մոտ: Thorax պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ չծխողների մոտ այդ հիվանդության առաջացման ռիսկը կախված է նրանից, թե ինչ միկրոբներ եւ ինչ քանակությամբ են դրանք ապրում այդ մարդկանց բերանի խոռոչում:
Medportal.ru-ի հաղորդմամբ՝ չծխողների մոտ թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններն են համարվում պասիվ ծխելը, ռադոնային գազի ազդեցոթյունը, օդի աղտոտվածությունը, գենետիկ նախատրամադրվածությունը: Սակայն այդ գործոններով հնարավոր չէ բացատրել չծխող մարդկանց շրջանում չարորակ ուռուցքի առաջացման բոլոր դեպքերը:
Նոր հետազոտության հեղինակները ցանկացել են հասկանալ՝ ինչ դեր են խաղում թոքերի քաղցկեղի զարգացման գործում բակտերիաները, որոնք երկար ժամանակ ապրում են բերանի խոռոչում: Ավելի վաղ բերանի միկրոֆլորայի կառուցվածքն արդեն կապել են գլխի եւ պարանոցի քաղցկեղի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի հետ: Գիտնականները համարում են, որ բակտերիաները կարող են հայտնվել բերանի խոռոչից բրոնխներում: Իսկ շնչուղիների միկրոբիոտան ենթադրաբար կարող է դեր ունենալ թոքերի ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ հիվանդությունների առաջացման հարցում:
Գիտնականները վերլուծել են խոշոր հետազոտության մասնակիցների տվյալները, որն անցկացվել է 1996-2006 թվականներին Չինաստանում եւ որի մասնակիցների շրջանում եղել է թոքերի քաղցկեղով հիվանդ 114 պացիենտ: Այդ մարդկանց բերանի խոռոչում միկրոբիոմը հետազոտության շրջանակում համեմատել են նույն սեռի եւ տարիքի, սակայն թոքերի քաղցկեղով չտառապող ուրիշ 114 մարդկանց միկրոբիոմի հետ:
Օնկոլոգիական պացիենտների եւ առողջ մարդկանց միկրոբիոմներում գիտնականները հայտնեբերել են զգալի տարբերություններ: Պարզվել է՝ որքան շատ էր բերանի խոռոչում բակտերիաների բազմազանությունը, այնքան ցածր է թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը: Բացի այդ, քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազել էր որոշակի միկրոօրգանիզմների մեծ քանակության առկայության դեպքում (բակտերոիդների ընտանիքից):
Մարդկանց մոտ, որոնք հիվանդացել են թոքերի քաղցկեղով, այդ հիվանդության հետ կապված միկրոբիոմի առանձնահատկություններ են դիտարկվել հիվանդության առաջացումից դեռեւս մի քանի տարի առաջ: Գիտնականները ենթադրում են, որ բակտերիաները կարող են խթանել թոքերի քաղցկեղը՝ առաջացնելով քրոնիկական բորբոքում եւ ԴՆԹ-ում փոփոխություններ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day