COVID-19 համավարակի պատճառ է դարձել Ուհանում «լաբորատոր միջադեպը»․ ՀԴԲ տնօրեն

1 մարտի, 2023  15:04

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) «արդեն բավական վաղուց» կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառը, «ամենայն հավանականությամբ», արտահոսքն է Ուհանի լաբորատորիայից։ Այս մասին հայտարարել է ՀԴԲ-ի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Fox News-ի հարցազրույցում։ «ՀԴԲ-ն արդեն բավական վաղուց կարծում է, որ համավարակի ծագումը, ամենայն հավանականությամբ, կապված է Ուհանի պոտենցիալ լաբորատոր միջադեպի հետ»,- ասել է նա։

Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, սա Ռեյի առաջին հրապարակային հայտարարությունն է ՀԴԲ-ի՝ կորոնավիրուսի լաբորատոր ծագմանն ուղղված հետաքննության մասին։ «Ես պարզապես կնշեմ, որ Չինաստանի կառավարությունը, ըստ իս, անում է հնարավոր ամեն բան, որպեսզի փորձի խանգարել եւ խճճել աշխատանքը։ Աշխատանք, որը կատարում է մեր՝ ԱՄՆ կառավարությունը օտարերկրյա գործընկերների հետ։ Եվ դա ցավալի է բոլորի համար»,- ավելացրել է ՀԴԲ-ի տնօրենը։

Ռեյի հայտարարությունը հնչել է The Wall Street Journal թերթի հրապարակումից հետո, որտեղ պարբերականը վկայակոչել էր ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցը։ Դրանում գերատեսչությունը տեղեկացրել էր, որ COVID-19 համավարակը լաբորատոր ծագում է ունեցել։ Էներգետիկայի նախարարությունը ԱՄՆ երկրորդ դաշնային գերատեսչությունն է ՀԴԲ-ից հետո, որն այժմ վիրուսի լաբորատոր արտահոսքի վարկածն է պաշտպանում, գրել է WSJ-ն։

Եվս չորս հետախուզական գործակալություն կարծում է, որ վիրուսն առաջ է եկել բնական ճանապարհով, իսկ երկու գործակալություն, այդ թվում ԿՀՎ-ն, չի կողմնորոշվել, գրել է թերթը։ Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մաո Նինը, մեկնաբանելով թերթի հրապարակումը, կոչ է արել դադարեցնել Պեկինի վարկաբեկումը եւ չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը։ 2021թ. հոկտեմբերին ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է հաշվետվություն կորոնավիրուսի ծագման ուսումնասիրման մասին։ Դրա համաձայն՝ հետախուզական հանրույթը բացառել է այն վարկածը, որ Չինաստանն է մշակել SARS-CoV-2-ը՝ որպես կենսաբանական զենք, բայց միասնական կարծիքի չի եկել վիրուսի ծագման մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում