Ծխելու վնասները թոքերի առողջության վրա․ հարցազրույց բժիշկ - ռադիոլոգի հետ

29 հուլիսի, 2025  11:02

Ծխելու հետևանքների մասին շատ է խոսվում, հատկապես երբ վնասները սկսում են տեսանելի դառնալ հետազոտությունների միջոցով։ 

Ռադիոլոգներն այն մասնագետներն են, ովքեր, բառացիորեն տեսնում են ծխախոտի ծխի ազդեցությունը մարդու մարմնի վրա՝ թոքերից սկսած մինչև սիրտանոթային համակարգ։ Այս հարցազրույցում մենք զրուցում ենք բժիշկ-ռադիոլոգ Աննա Ֆրանգուլյանի հետ՝ բացահայտելու, թե ինչպես է ծուխը փոխում օրգանիզմը, ինչպիսի պատկեր են ցույց տալիս հետազոտությունները, և ինչ դեր ունի ռադիոլոգիան՝ վաղ ախտորոշման գործում։

Ձեր մասնագիտական փորձի ընթացքում ինչպիսի պատկեր են ցույց տալիս КТ (համակարգչային շերտագրում) հետազոտությունները ծխողների մոտ։ Ի՞նչ հիմնական ախտաբանական փոփոխություններ եք հաճախ նկատում։

Ծխելու վաղ փուլերում ՀՇ հետազոտությունը կարող է ակնհայտ փոփոխություններ չհայտնաբերել։ Ավելի ակնհայտ են դառնում փոփոխությունները երկար տարիներ ծխողների մոտ` հայտնաբերվում են տարբեր աստիճանի էմֆիզեմայի նշաններ (երբ աղքատանում է թոքային հյուսվածքը), բրոնխների պատերի հաստացում, ավելի ուշ շրջանում` տարբեր աստիճանի ֆիբրոզ /սպիական/ փոփոխություններ: Այս ամենի հետևանքով առաջանում է առաջին հերթին դժվարաշնչություն:

Ի՞նչ դեր ունի վաղ ախտորոշումը (screening) ռադիոլոգիայում՝ կապված ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման հետ։

Սկրինինգը շատ կարևոր է, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ` թոքի քաղցկեղը, բերանի խոռոչի, լեզվի, կոկորդի քաղցկեղները, առաջնահերթ հայտնաբերվում են հենց ծխողների մոտ, ուստի սկրինինգը օգնում է վաղ հայտնաբերել այդ փոփոխությունները; իսկ որքան վաղ է հակտնաբերվում, այնքան մեծ է դրական ելքի հավանականությունը:

Ձեր դիտարկումներով՝ ինչպիսի վնասակար ազդեցություն է ունենում հենց ծխախոտի ծուխը օրգանիզմի վրա։

Ծխախոտի ծուխը պարունակում է մի քանի տասնյակ քաղցկեղ առաջացնող քիմիական նյութեր և հարյուրավորավոր այլ վնասակար նյութեր: Այս նյութերը առաջանում են ծխախոտի այրման հետևանքով, ունեն շատ վնասակար ազդեցություններ և նպաստում են մի շարչք հիվանդությունների առաջացմանը։ Առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են` սիրտ-անոթային համակարգի և թոքերի հիվանդությունները, ուռուցքները,  ալերգիան ծխի նկատմամբ, շնչուղիների սպազմը և այլն.

Ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը՝ հատկապես ռիսկային խմբերում գտնվողներին (օրինակ՝ երկար տարիներ ծխողներ)՝ կանխարգելման և վաղ ախտորոշման տեսանկյունից։

Նախ և առաջ խորհուրդ կտամ աշխատել ծխելը թողնելու ուղղությամբ հնարավոր բոլոր տարբերակներով։ Կարելի է սկսել նվազեցնելով գլանակների քանակը կամ անցում կատարելով առանց այրման աշխատող նիկոտինային փոխարինիչների, իսկ եթե ստացվում է՝ ուղակի թողնել ծխելը։

Երկար տարիներ ծխողներին անպայման խորհուրդ կտամ շատ ուշադիր լինել և չնչին գանգատների դեպքում անպայման դիմել բժշկի ու հետազոտվել, թոքերի դեպքում առաջնահերթ  են ռենտգեն և ԿՏ-հետազոտությունները. Եվ անպայման հիշել, որ վաղ ախտորոշումը արդյունավետ  բուժման նախապայմանն է.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում