Արհեստական բանականությունը մշակել է երկու նոր հակաբիոտիկ, որոնք պոտենցիալ ունակ են ոչնչացնել գոնորեայի և մեթիցիլինակայուն ոսկեգույն ստաֆիլոկոկի (MRSA) դեղորայքակայուն շտամները։ Ամերիկացի գիտնականների խմբի ուսումնասիրությունը հրապարակվել է «Cell» ամսագրում։
Արհեստական բանականության համակարգը նոր դեղամիջոցներ է ստեղծել՝ առանձին ատոմներից, իսկ լաբորատոր հետազոտությունները, ինչպես նաև կենդանիների վրա անցկացված թեստերը, ցույց են տվել սուպերբակտերիաների դեմ դրանց արդյունավետությունը, հաղորդում է BBC-ն։
Դեռ հնարավոր չէ մարդկանց դրանց նշանակումներ անել, քանի որ առջևում դեռ տարիների կատարելագործման և կլինիկական փորձարկումների փուլ է։ Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտական խումբը, որն անցկացրել է այս ուսումնասիրությունը, հավատում է, որ արհեստական բանականությունը կարող է սկիզբ դնել հակաբիոտիկների «երկրորդ ոսկե դարին»։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) թիմը առաջընթաց է գրանցել՝ օգտագործելով արհեստական բանականությունը (ԱԲ)՝ մշակելով հակաբիոտիկներ՝ գոնորեայի և մեթիցիլինակայուն ստաֆիլոկոկի կողմից առաջացած պոտենցիալ մահացու հիվանդությունների դեմ:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները արհեստական բանականությանը առաջարկել են 36 միլիոն միացություն, ներառյալ նաև այնպիսիք, որոնք գոյություն չունեն։
Առաջին դեպքում արհեստական բանականությունը (ԱԲ) հեռանկարային ելակետ է փնտրել՝ վերլուծելով միլիոնավոր քիմիական բաղադրիչների գրադարանը, որոնց չափը ութից տասնինը ատոմ է և այնուհետև զարգացրել այն։ Երկրորդ դեպքում՝ ի սկզբանե նրան տրվել է «ստեղծագործելու» լիակատար ազատություն։ Ուսումնասիրության ընթացքում բացառվել են բոլոր այն տարբերակները, որոնք չափազանց նման են եղել արդեն գոյություն ունեցող հակաբիոտիկներին։
Բացի այդ, անհրաժեշտ էր համոզվել, որ ստեղծվում է հենց դեղամիջոց, այլ ոչ թե, օրինակ, օճառ և բացառել բոլոր այն միացությունները, որոնք կարող են թունավոր լինել մարդու համար։
Առավել հեռանկարային նյութերը փորձարկվել են լաբորատորիայում՝ բակտերիաների և վարակված մկների վրա։ Արդյունքում, ստեղծվել է երկու նոր պոտենցիալ դեղամիջոց։
Մինչ մարդկանց վրա կլինիկական փորձարկումները, ինչպես ենթադրում են գիտնականները, կպահանջվի ևս մեկ կամ երկու տարի, որի ընթացքում դեղամիջոցները կկատարելագործվեն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում