Կակաոյի և հատապտուղների տտիպ համը խթանում է ուղեղի աշխատանքը․ CRFS

3 նոյեմբերի, 2025  12:45

Ճապոնիայի Շիբաուրա տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ֆլավանոլները՝ կակաոյի, կարմիր գինու և հատապտուղների մեջ պարունակվող նյութերը, ունակ են ակտիվացնել ուղեղը՝ համի ընկալիչների միջոցով, այդկերպ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը և սովորելու ունակությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Current Research in Food Science (CRFS) ամսագրում։

Հայտնի է, որ ֆլավանոլները պաշտպանում են նեյրոնները և բարելավում ճանաչողական գործառույթները, սակայն դրանց կենսամատչելիությունը՝ այն մասնաբաժինը, որը հայտնվում է արյան մեջ, չափազանց ցածր է։ Բացատրելու համար, թե ինչպես են այս միացություններն ազդում ուղեղի աշխատանքի վրա, ճապոնացի հետազոտողները փորձարկել են այն վարկածը, որ դրանց տտիպ համն ինքնին կարող է խթան հանդիսանալ կենտրոնական նյարդային համակարգի համար։

Փորձարկումներում մկները ֆլավանոլները ստացել են բերանով՝ 25 և 50 մգ մեկ կիլոգրամ մարմնի քաշի չափաբաժիններով։ Հսկիչ խումբը ստացել է թորած ջուր։ Վարքային թեստերը ցույց են տվել, որ ֆլավանոլներ ստացած կենդանիներն ավելի ակտիվ են եղել, ավելի լավ են կողմնորոշվել տարածության մեջ և ավելի արագ են սովորել։

Կենսաքիմիական վերլուծությունը բացահայտել է դոֆամինի, նորադրենալինի և դրանց նախորդող նյութերի մակարդակի բարձրացում ուղեղի այն կառուցվածքներում, որոնք պատասխանատու են մոտիվացիայի, ուշադրության և սթրեսային ռեակցիայի համար։ Միաժամանակ ուժեղացել է նեյրոմեդիատորների սինթեզին և փոխադրմանը մասնակցող ֆերմենտների ակտիվությունը, ինչպես նաև մեզի մեջ բարձրացել է կատեխոլամինների մակարդակը՝ գրգռման և ծանրաբեռնվածության ժամանակ արտազատվող հորմոններ։

Գիտնականները նաև գրանցել են հիպոթալամուսի պարավենտրիկուլյար կորիզի ակտիվացում՝ մի հատված, որը կարգավորում է սթրեսը և սիմպաթիկ նյարդային համակարգի աշխատանքը։ Հետազոտողների խոսքով՝ ֆլավանոլների ընդունումը առաջացնում է չափավոր ֆիզիկական վարժությունների ազդեցությանը նման ռեակցիա։

Ինչպես պարզաբանում է հետազոտության ղեկավար դոկտոր Յասույուկի Ֆուջին, ֆլավանոլների դառը և տտիպ համը կարող է ազդանշաններ փոխանցել ուղեղին զգայուն նյարդերի միջոցով՝ ակտիվացնելով կենտրոնական նյարդային համակարգը։ Այսպիսով, նույնիսկ ցածր յուրացման դեպքում, այս միացությունները ունակ են գործարկել ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք բարելավում են ճանաչողական գործառույթները և օրգանիզմի ընդհանուր վիճակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում